«Քաղաքական ուժերի քարոզչական տրամադրությունները բավական բուռն են։ Ցավոք սրտի, դրսևորվող փոխադարձ մեղադրանքների ծավալը, տոնայնությունը հնարավորություն չեն տալիս լսելու այնպիսի բնույթի քարոզչական նյութեր, գաղափարական մոտեցումներ, որը հնարավորություն կտար հանգելու հետևության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ այս վիճակը իր մեջ օբյեկտիվ հիմքեր է պարունակում, քանի որ նախորդ իշխանությունը այս ընտրություններին շատ բարձր հավակնություններ ունի, ինչի համար էլ փորձում է ամեն գնով հասնել նրան, որ միակ այլընտրանքային ուժը հանդիսանա ինքը՝ ՀՀԿ-ն։
Անդրադառնալով Արցախի իշխանությունների հասցեին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Նորիկյանը նկատեց, որ իր տպավորությամբ՝ փորձ է արվում ամեն գնով լուրջ հակադրություն ու անվստահություն ստեղծել Հայաստանի նոր իշխանությունների և Արցախի իշխանությունների միջև՝ հասնելով հարաբերությունների վատթարացման։
«Ես մինչև վերջերս չեմ հիշում, որ անգամ նախկին իշխանություններից, իշխանության ղեկավարներից որևէ մեկի խոսքը քննարկման առարկա դառնար Արցախում։ ՀՀ իշխանության որևէ խոսք Արցախում ընկալվել է որպես ի գիտություն, որպես ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի, ՀՀ ղեկավարի խոսք։ Հետևաբար հիմա շատ տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր խոսք քննարկման առարկա է դառնում Արցախում, և հայտարարություններ են արվում նման մակարդակի։ Ինձ համար սա տարօրինակ է, բայց և ակնհայտ է, թե ում է այս ամենը ձեռնտու։ Նախկին իշխանությունները փորձում են ամեն կերպ Արցախի խնդիրը դրոշակ դարձնել և հասնել նրան, որ հասարակության մեջ մտայնություն ձևավորվի, որ Փաշինյանը եկելէ Արցախը ծախելու, որը բացարձակ հիմք չունի։ Արցախը չի վաճառվում։ Շատ կեղտոտ խաղ է իրականացվում սադրողների կողմից։ Այդ ուժերն ազնիվ չեն Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իրենց խնդիրն է ապակայունացնել իրավիճակը՝ փորձելով ձուկ որսալ պղտոր ջրում։
Ես չեմ կարծում, որ Հայաստանի որևէ իշխանության շահերից կբխի ոչ բավարար հարաբերություններ ունենալ Արցախի իշխանությունների հետ։
Արցախը Հայաստանի թիկունքն է, և հակառակը։ Հայաստանը չի կարող առաջ գնալ՝ ունենալով իրեն չվստահող թիկունք։ Ուստի պետք է մեր գիտակցությունից իսպառ հանենք Արցախը ծախելու այս մերկապարանոց պնդումները։ Արցախը ծախելով՝ ծախելու ենք Հայաստանը»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանն անդրադարձավ նաև Փաշինյանի հայտարարությանը՝ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ու Սերժ Սարգսյանի եղբոր կողմից պետությանը միջոցներ և ունեցվածք վերադարձնելու հարցին։ Ըստ մեր զրուցակցի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից 20 տարի շարունակ ձևավորվել ու կայացվել է գողերի իշխանություն, ինչը ոչ թե անվանարկում է, այլ քաղաքագիտական սահմանում:
«Գողերի իշխանությունն ուրույն քաղաքական համակարգ է, որի ժամանակ կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցվում է անձնական կամ խմբակային շահին։ Այդուհանդերձ, թալանված գույքի վերադարձի վերաբերյալ այսպիսի պատրաստակամությունը հարկ է իրականացնել ամբողջովին գործող օրենքների շրջանակներում՝ հետագայում բացառելու համար որևէ շահարկում որևէ մեկի կողմից: Ես դեմ եմ, որ գողն իր գողոնը նվիրի և ազատվի պատասխանատվությունից։ Բոլորի նկատմամբ, ովքեր նախորդ տարիների ընթացքում, զբաղեցնելով տարբեր տեսակի պաշտոններ, միաժամանակ զբաղվել են թալանով, պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված օրինական քրեական հետապնդում, դատախազության կողմից օրենքով սահմանված կարգով պետք է հաստատվեն մեղադրական եզրակացությունները, և բոլոր գործերը պետք է ուղարկվեն դատարաններ: Իսկ դատարաններում պետք է իրականացվի օբյեկտիվ քննություն, նշված անձինք դատարանի կողմից պետք է ճանաչվեն մեղավորներ և ենթարկվեն քրեական պատասխանատվության: Նոր միայն դրանից հետո դատական կարգով պետք է իրականացվի նրանց գույքի բռնագրավումը: Իրավական պետության կայացման ճանապարհին մենք այլ տարբերակ չունենք»,- ասաց Նորիկյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:











































