Վերակազմյալ ՍԴՀԿ-ն ընդգրկում է մի քանի մարզային կառույցներ: Կոտայքի մարզում կուսակցությունն ունի 280-300 անդամ, Արմավիրում կուսակցականների թիվը նախկինում ավելի շատ էր, բայց արդեն մինչև ՍԴՀԿ պառակտումը պակասելով՝ այժմ հասնում է մոտ 150-ի: Տավուշում կառույցն ունի 330 անդամ, ինչը, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, բնական է, քանի որ Տավուշն իր ծննդավայրն է, և այնտեղի կառույցը չէր կարող ուժեղ ու կայուն չլինել:
Նրա խոսքով՝ սակայն «ամենաամուրը» Լոռու մարզային կառույցն է: «Ամենաամուր կառույցը այսօր դեռ շարունակում է մնալ Լոռու մարզի մեր կառույցը, որը ղեկավարում է Ալեքսանդր Ալեքյանը: Եվ այն թիմը, որ հավաքված է նրա շուրջը, ինչպես, օրինակ, Մելիքբեկյանը, ով նաև կենտրոնական վարչության անդամ է, միասին կարողացել են իրենց շուրջը այնպիսի մարդկանց հավաքել, որ իրենց անձնական օրինակով վարակեն երիտասարդներին: Շատ կուսակցություններ կերազեին նման կազմ ունենալ և համալրվել երիտասարդներով»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Վերջինս լոռեցիների հետ համագործակցում է 2004-ից՝ նախկին ՍԴՀԿ կուսակցության ատենապետությունն ստանձնելուց հետո: Լոռիում վերակազմյալ ՍԴՀԿ-ն ունի շուրջ 200 անդամ:








































