Այսօր շվեյցարական Դավոսում բացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի 44-րդ նստաշրջանի մասնակիցները կքննարկեն աշխարհի փոխակերպման հետևանքներն իշխանության, հասարակության և բիզնեսի համար: Այս մասին հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Ինչպես ֆորումի նախօրեին հայտնել է դրա հիմնադիր Կլաուս Շվաբը, սպասվում է, որ այս տարի քննարկումներին կմասնակցեն 100 երկրների իշխանական կառույցների, բիզնես-էլիտայի և հասարակական կազմակերպությունների ավելի քան 2500 ներկայացուցիչներ:
Իրենց մասնակցությունն են հաստատել ավելի քան 40 նախագահներ ու վարչապետներ: Գլոբալ մարտահրավերների և Մերձավոր Արևելքի ապագայի մասին իրենց կարծիքները կհնչեցնեն Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ինչպես նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու վարչապետ Բենիամին Նեթանյահուն:
Բացի այդ, Դավոս կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ով այս օրերին ելույթ կունենա նաև Մոնտրյոյում՝ սիրիական հարցի կարգավորմանը նվիրված «Ժնև-2» համաժողովում:
Ֆորումի առանցքային միջոցառումները կանցկացվեն հունվարի 22-26-ը: Ինչպես պատմել է Կալուս Շվաբը, այս տարի նստաշրջանի ծրագիրը ֆիքսված է 4 հիմնական թեմաների վրա՝ ինովացիաների ազդեցությունը ժամանակակից կյանքի վրա, գլոբալ զարգացման հեռանկարները, քաղաքացիական հասարակության մասնակցությունը տնտեսական գործընթացներին, « 9 միլիարդի» հարցը՝ կապված բնակչության թվաքանակի աճի հետ:
Դավոսի օդային տարածքը փակ կլինի ֆորումի անցկացման ողջ ընթացքում:







































