Փողը վախենում է տարբեր տեսակի միջամտություններից, եւ ներդրողները դեռ սպասում են։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այդ մասին ասել է տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ մեկնաբանելով վարչապետի հայտարարությունը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 28-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբերին։ «Որովհետև, ըստ էության, ողջ միջազգային հանրության, ներդրողների համար այդ հանգամանքը կարևոր է, որպեսզի համոզվեն, որ կարող են գոնե միջնաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնել: Եթե կասկածներ կհնչեն հանրության, ժողովրդի տեսակետի վերաբերյալ, կարծում եմ, որ մենք կմտածենք նաև այդ մասին, թե ինչպես ավելի լայն մասշտաբներով ճշտենք այդ տեսակետը, սակայն արդեն եղած փաստերը բավարար են, որպեսզի պնդենք, որ ոչ ափալ-թափալ, բայց ամենակարճ ժամկետներում տեղի ունենան արտահերթ ընտրություններ, որպեսզի հետհեղափոխական ժամկետը հաղթահարենք, ու երկրի զարգացման հարցերը լինեն մեր օրակարգում»,- նշել էր Փաշինյանը։
Արիստակեսյանն ամբողջովին համակարծիք է վարչապետի պատճառաբանված տեսակետին։ «Եթե Ազգային ժողովը չի արտահայտում հասարակության մեջ եղած քաղաքական պատկերը, ապա նա ի զորու չէ իրականացնել կառավարության գործունեությանը համահունչ այնպիսի օրենսդրական աշխատանք, որը պետք է նպաստի տնտեսական դաշտը կանոնակարգելու, կոռուպցիոն առկա զգալի սողանցքները վերացնելու, տնտեսական դաշտն ավելի ազատականացնելու, գրավիչ դարձնելու մեր ներդրումային միջավայրը»,- նշել է տնտեսագետը։
Նրա խոսքով, ակնհայտ է, որ հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական ուժերը խոչընդոտում են կառավարության գործունեությունը։ «Անգամ հասել են այն բանին, որ Եվրախորհրդարանում մոնիտորինգի տակ են մտցրե կառավարությանը։ Ոչ մի թշնամի այնպես չէր գործի, ինչպես ՀՀԿ-ական մեծամասնությունը։ Օր առաջ պետք է մաքրվի Ազգային ժողովը այն հակապետական, կոռուպցիոն, երկար տարիներ երկրի ազգային հարստությունը գողացած անձանցից, որոնք նստած են եւ կոճակ են սեղմում»,- ասել է նա։
Ըստ Արիստակեսյանի, պոտենցիալ ներդրողները դեռ սպասում են։ «Իհարկե որոշ ներքին ներդրումներ մեր ներդրողներն անում են։ Կան ռուսահայ ներդրողներ, որոնք փորձում են որոշ փոքր ներդրումներ անել, մոտ 14 մլրդ դրամի, բայց դա բավական չէ լայնածավալ ներդրումներ անելու համար։ Փողը վախենում է տարբեր տեսակի միջամտություններից։
Թեեւ վարչապետը հայտարարում է, որ ազատ է, եկեք, աշխատեք եւ հարստացեք, սակայն օրենսդրության առկա սողանցքները, անհարթությունները խափանում են»,- ասել է Մովսես Արիստակեսյանը՝ որպես ամենամեծ խոչընդոտներից մեկը համարելով հարկային օրենսդրության անկատարությունը։ «Մեր կազմակերպությունը մի քանի առաջարկություններ տվել է օրենսդրության փոփոխության համար։ Սերժ Սարգսյանի խոսքերը հիշենք՝ թղթով ամեն ինչ լավ է։ ՀՀԿ-ն կարողացել էր այնպիսի սողանցքային հոդվածներ դնել, որոնք նպաստում էին քրեաօլիգարխիկ մենաշնորհային տնտեսության զարգացմանը։ Հետեւապես, մենք խնդիր ունենք՝ ԱԺ-ն կընդունի՞, թե՞ ոչ։ Ավելին, իրենք նույնիսկ հայտարարում են այդ մասին՝ դե, կտեսնեք, թե ինչ կանենք։ Ձայների մեծամասնությունն իրենցն է։ Պետք է փոփոխվի օրենսդրությունը, իսկ այն կփոփոխվի միայն քաղաքացիների տրամադրությունն արտահայտող իրական խորհրդարանում»,- ասել է Արիստակեսյանը՝ նշելով, որ միայն այդ դեպքում դրսի կապիտալը կգա ներս։
Նա նշել է, որ եվրոպական կառուցյների հետ էլ է հանդիպել, նրանք ընդունում են թավշյա հեղափոխության հաղթանակը, վարչապետի լեգիտիմությունն ու մեծ համբավը, սակայն հապաղում ներդրումներ անելուց։ Արիստակեսյանը խնդիր է տեսնում անեւ դատական համակարգում, որը բացարձակապես չի փոխվել։ «Եթե որեւէ գործարար փորձի դատական համակարգում լուծել իր պայմանական ցանկացած խնդիր, ապա կհանդիպի նախկին դատական համակարգի կաշառակեր դատավորների որոշումներին։ Դա էլ պետք է փոխվի, որ կապիտալն իմանա՝ իր սեփականությունն ու ներդրումը կարող է հանգիստ պաշտպանել։ Դատական համակարգում էլ պիտի կատավի թավշյա հեղափոխություն»,- ասել է նա՝ հիշեցնելով Վճռաբեկ դատարանի օրինակը, երբ մարտի 1-ի 10 զոհերի հարզատների հայցը չընդունեցին։ «Դատարանը չընդունեց յդ հայցը եւ որոշում կայացրեց հօգուտ Քոչարյանի։ յոթ դատավորներից հինգը այն անձինք էին, որոնք Մարտի 1-ի գործերով վճիռներ էին կայացրել ընդդեմ ժողովրդի։ Հետեւաբար այսպիսի դատարաններով չի կարելի ակնկալել, որ դատական համակարգը կարող է լինել անկախ, նրանք պաշտպանում են իրենց շահերը։ Իսկ դա խիստ խոչընդոտ է ներդրումների համար եւս»։






































