Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և իր անունից շնորհավորել է ուսուցիչներին՝ նրանց մասնագիտական տոնի կապակցությամբ:
ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ անփոխարինելի է ուսուցիչների առաքելությունը երեխաների կրթության, նրանց զարգացման ու իրավագիտակից քաղաքացի դաստիարակելու հարցում:
«Դուք մեր երեխաների կյանքում առանցքային դեր ունեք՝ նրանց մեջ սերմանելով հայրենիքի, հասարակության, ընտանիքի և միմյանց հանդեպ սիրո ու հարգանքի բարձր արժեքներ: Այդ արժեքներն անհրաժեշտ են երեխաների ճիշտ դաստիարակության և նրանց հանդիպող մարտահրավերների հաղթահարման համար:
Յուրաքանչյուրս ենք պարտավոր հատուկ հարգանքով վերաբերվել ուսուցչի բարձր առաքելությանը։ Ձեր իրավունքների պաշտպանությունը պետք է լինի բոլորիս հոգածության առարկան՝ գործադրելով առավելագույն ջանքեր ապահովելու ուսուցչի մասնագիտական գործը պատվով կատարելու լիարժեք հնարավորություն:
Այս ամենն էլ իր հերթին երեխայի՝ կրթության իրավունքի երաշխավորման կարևոր գրավական է, նրա լավագույն շահի երաշխավորման բարձր գործոնը»,- ասված է շնորհավորական ուղերձում:









































