«Երիտասարդների հետ «Սարդարապատի» հանդիպումն արգելելը ևս մեկ անգամ ապացուցում է, ինչպիսի ստեր են փչում իշխանավորները եվրոպաներում՝ ասելով, որ մենք դեմոկրատական երկիր ենք, և որ ստեր են փչում ընդդիմության որոշ գործիչները՝ կրկնելով, որ ահա, մենք էլ ենք դառնում դեմոկրատական երկիր»,- այսօր լրագրողներին ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ ռեժիստոր Տիգրան Խզմալյանը ՝ իրենց նախորոք պայմանավորված հանդիպումը առանց որևէ հիմնավորման արգելելու մասին։
Սարդարապատի անդամները համարում են, որ այս արգելքը կապված է վաղը Կազանում կայանալիք հանդիպան հետ, սակայն հիշեցնում են նաև, որ միևնույնն է այս քայլով չի հաջողվի իրենց լռեցնել և իրենց ոչ մի գնով չեն ընդունի որևէ զիջում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացում։ «Այս վարչակարգը մեր ժողովրդին տանում է ոչ թե դեպի պայքար, այլ դեպի զիջումներ, որին հայ ժողովուրդը դեմ է»,- ասաց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի Հայկ Բալանյանը։