Անհետ կորած ամերիկացուն հաջողվել է գտնել շնորհիվ Associated Press-ի աշխատակցի արած լուսանկարի, հայտնում է USA Today թերթը:
Առաջինը լուսանկարին ուշադրություն էին դարձրել Facebook սոցցանցի օգտատերերը: Էջում, որը ստեղծել էին երիտասարդի ծնողները, սոցցանցի օգտատերերից մեկը հայտնել էր, որ տեսել է նրանց որդուն USA Today թերթի լուսանկարում:
Ինչպես պարզվել է, թերթում հրապարակված լուսանկարում իրականում 20-ամյա Նիկոլաս Սիմոնսն է, որը տնից հեռացել էր հունվարի սկզբին:
Ժակլին Մարտինի լուսանկարում երիտասարդը փորձել է թափառաշրջիկների հետ տաքանալ Վաշինգտոնի Դաշնային առևտրային հանձնաժողովի շենքից ոչ հեռու գտնվող օդափոխման ճաղերի մոտ:
Լուսանկարը տեսած ծնողները կապվել էին լրագրողի հետ Facebook-ի միջոցով: Ծնողների խնդրանքով Մարտինը վերադարձել էր նկարահանման վայր ու որոշ ժամանակ անց ոստիկանների օգնությամբ հայտնաբերել երիտասարդին:








































