Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւս անդրադարձել է Հանրապետության հրապարակի բազմամարդ հանրահավաքին՝ ֆեյսբուքյան իր էջում այն համարելով հաջողված.
«Երեկվա հանրահավաքը շատ հաջողված էր, իսկ Նիկոլի ելույթը՝ փայլուն։ Եվ ոչ մի «Քոչարյան» հիշատակում, միայն պարզ ակնարկներ և հստակ ուղերձներ, ինչպես նաև՝ նոր հույսեր արթնացնող կարևորագույն որոշումներ։ Սա հաշվետվություն էր Հանրապետության հրապարակը հեղեղած ակտիվ քաղաքացիների և ամբողջ ժողովրդի առջև։
Որոշ պարտված գործիչներ սա անվանում են «ամբոխավարություն»։ Այս որակումը կարող է վիրավորական համարել հանրահավաքի յուրաքանչյուր մասնակից, բայց եկեք մեծահոգաբար ներենք կամ արհամարհենք։ Ի վերջո՝ ճաշակի հարց է. այդ գործիչներին ավելի հոգեհարազատ է իշխանության զավթումը (ուզուրպացիան)` ընտրակաշառքների, կեղծիքների ու չարաշահումների միջոցով։ Բայց այդ ճաշակի մարդկանց ժամանակը, հուսամ, անցել է։ Ինչպես և քրեական հետապնդման տակ գտնվող Քոչարյանի ժամանակը…»:










































