Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացումը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության օրենքները և վնասում երկու երկրների հարաբերություններին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով պաշտոնական հայտարարությունը։
«Հնարավոր չէ համաձայնեցնել Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները պողպատի և ալյումինի արտահանման մաքսատուրքերը բարձրացնելու նախագահ Թրամփի որոշման հետ։ ԱՄՆ-ն պետք է իմանա, որ այդպիսի պատժամիջոցներով և ճնշմամբ չի կարողանա արդյունքի հասնել»,-ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։
Աքսոյը նաև նշել է, որ Թուրքիայի դեմ ուղղված բոլոր գործողությունները պատասխան կստանան, և որ Անկարան միշտ կողմ է եղել դիվանագիտության, երկխոսության, բարի կամքի ու փոխըմբռնման միջոցով խնդիրները լուծելուն։










































