Գործարարներն ահազանգում են՝ Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում կոշտ քաղաքականություն է իրականացնում փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ՝ ՀԴՄ կտրոններ չտրամադրելու դեպքերով սահմանելով տուգանքներ: Տնտեսվարողները դժգոհում են առ այն, որ բազմաթիվ դեպքերում ՊԵԿ-ը առևտրաշրջանառության ծավալներին անհամաչափ տուգանքներ է սահմանում՝ հաշվի չառնելով անգամ նման կոշտ վարչարարության բացասական հետևանքները։
Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանի հետ։
«Համատարած տուգանումներ են գնում՝ մեծամասամբ ՀԴՄ կտրոնների կանոնների խախտման հետ կապված։ ՊԵԿ-ի աշխատակիցները հասնում են նրան, որ, անպայման, տուգանեն տնտեսավարողներին, այսինքն՝ այն հին աշխատելաոճն է գործում, որ, եթե ՊԵԿ-ի տեսուչը դուրս է գալիս հանձնարարականը ձեռքին, ապա պետք է տուգանքով վերադառնա՝ այլընտրանք չկա և նման պարագայում ՊԵԿ-ի տեսուչները բոլոր հնարավոր և անհնարին տարբերակներն օգտագործում են, որպեսզի հասնեն իրենց նպատակին՝ տուգանեն տնտեսավարողներին։ Վարչապետի այն հայտարարությունը, որ պետք է բոլորից ՀԴՄ կտրոն պահանջել՝ ՊԵԿ-ը շատ խիստ ու կոպիտ է հասկացել ու այդպիսի խիստ ու կոպիտ գործողություններ է իրականացնում՝ անգամ փոքր կրպակներին ու խանութներին կրկնակի տուգանելով։
Եթե տնտեսվարողը չարամտորեն է խախտում օրենքը, ապա դա ուրիշ հարց՝ նա պիտի տուգանվի և անհամաչափ տուգանք պետք է կիրառվի, որ հաջորդ անգամ նա այլևս չփորձի սև դաշտում աշխատել , բայց այն տնտեսվարողները, որոնք ոչ միտումնավոր են դա արել կամ օրենքի չիմացության պատճառով են սխալ թույլ տվել, ապա այդ տնտեսվարողների նկատմամբ մոտեցումը պետք է մի փոքր այլ լինի։
Հիմա մենք հայտնվել ենք խառնաշփոթ վիճակում և այս ոլորտի խնդիրները համակարգային լուծման կարիք ունեն։ Ունենք սարսափելի Հարկային օրենսգիրք, որը վերից վար վերանայելու անհրաժեշտություն ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում։