Արտաքին և ներքին քաղաքական վերջին իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին լրագրող Արշալույս Մղդեսյանը, լրագրող, պատմաբան Կարպիս Փաշոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանը:
Անդրադառնալով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկվա հայտարարությունը, Ա. Մղդեսյանը նշեց. «Եթե ՌԴ ԱԳ նախարարն է հանդես գալիս այդպիսի հայտարարությամբ, նշանակում է, որ դիվանագիտական, քաղաքական միջպետական խողովակներով հարցի լուծմանն ուղղված հնարավոր ջանքերը չեն արդարացվել կամ այդպիսի մեծ ջանքեր չեն գործադրվել: Գուցե հայկական կողմից եղել է մտայնություն, որ սա մեր ներքին գործն է, և Ռուսաստանում պետք է, որ շատ բուռն և կտրուկ արձագանք չառաջացներ: Կարծում եմ՝ նման կտրուկ արձագանքի և հայտարարության պատճառը հիմնականում կապված էր Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ՝ պայմանավորված նրա դեմ քրեական գործ հարուցելու և կալանավորման օրդեր տալու հետ: Ռուսաստանը դա բավականին ցավագին է ընդունել, ընդունել է մի կազմակերպության հասցեին, որի առանցքը ինքն է»:
Կ. Փաշոյանի դիտարկմամբ՝ Ռուսաստանը փորձում է Հայաստանում ստեղծել հեղափոխականների և հակահեղափոխականների ճամբարներ, որոնց դիմակայության արդյունքում մեր ներքաղաքական համակարգում մշտապես ներկայացված կլինի: Ըստ Փաշոյանի՝ մյուս պատճառը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առաջադրված մեղադրանքն է, որը Ռուսաստանին իսկապես անհանգստացրել է, քանի որ սա նաև ՀԱՊԿ-ի հեղինակության խնդիրն է:
Լավրովի հայտարարությունը դիտարկելով Հայաստանում տիրող իրավիճակի ֆոնին՝ Ա.Փամբուխչյանը նշեց. «Մենք ԵՏՄ-ում կարծես որդեգրած երեխա լինենք, տարբերվում ենք մյուս անդամներից:
Խնդիրն այն է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը հետսովետական մշակույթից դուրս է, և դա Ռուսաստանի համար անհանգստացնող է: Այն, ինչ կատարվում է այստեղ, կարող է օրինակ ծառայել այլ երկրների համար: Ռուսաստանը որպեսզի ներքին լսարանին ցույց տա, որ կարողանում է սաստել Հայաստանին, անհրաժեշտ էր Հայաստան ուղարկել դիվանագիտական հաղորդագրություն: Այս հաղորդագրությունը մի քանի կարևոր կետեր ունի»:
Մանրամասն՝ տեսանյութում:










































