Նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմը հաստատել է տեղեկությունը, թե Միացյալ Նահանգներ նրա այցի ընթացքում հնարավոր է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ՝ քաղաքավարական հանդիպում, ինչպես նշել է աշխատակազմը: Արմեն Սարգսյանը արտերկրյա շրջագայության է մեկնել արդեն մի քանի օր, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ: Ընդ որում, նրա այցը Հայաստանում արժանացավ վարչապետի խոսնակի հետաքրքիր մեկնաբանության, ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի խոսնակը ազդարարեց, որ, ըստ Սահմանադրության, նախագահը արտերկրյա այց կարող է կատարել միայն վարչապետի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, և Արմեն Սարգսյանի այցը պետք է դիտարկել այդ շրջանակում, Սահմանադրության այդ պահանջի շրջանակում:
Իսկ մինչ այդ հայկական մամուլում հրապարակումներ են եղել, որ Արմեն Սարգսյանը ինքնուրույն խաղ է սկսել և հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ: Այդպիսով, ո՞ր տրամաբանության շրջանակում է տեղավորվելու Մայք Պոմպեոյի հետ Սարգսյանի հանդիպումը Նահանգներում՝ իր խաղը սկսելո՞ւ, թե՞ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության ու նրա հավանությամբ: Իսկ գուցե երկուսը միասին: Ավելի հավանական է հենց այդ տարբերակը, երբ Արմեն Սարգսյանն առայժմ դուրս չի գալիս սահմանադրական իր իրավասությունների շրջանակից և չի շրջանցում վարչապետին դե յուրե, սակայն դրանք փորձում է հնարավորինս ծառայեցնել վարչապետի քաղաքական իրավասությունների շրջանակը նեղացնելու և նրան դե ֆակտո շրջանցելու համար:
Ընդ որում, այստեղ իհարկե կարող ենք գործ ունենալ նաև երկշերտ իրողության հետ: Մի կողմից իհարկե նախագահ-վարչապետ շահերի բախման, որ բխում է ընդհանրապես իշխանության բնույթից և նորություն լինել չի կարող ոչ միայն Հայաստանի, այլ ընդհանրապես որևէ պետության դեպքում, առավել ևս խորհրդարանական բազմակենտրոն կառավարման մոդելի պարագայում, թեև իշխանություն երևույթը այդ խնդիրը պարունակում է անկախ կառավարման մոդելից՝ ժողովրդավարություն, ավտորիտարիզմ և ամբողջատիրություն: Ավելին, այստեղ է նաև ժողովրդավարության այսպես ասած առավելությունն ու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավորինս ստեղծվեն հակակշիռներ ու ինստիտուցիոնալ մեխանիզմներ ներիշխանական շահերի բախումն ու տարակարծությունները արտահայտելու, կուլիսային ինտրիգների դաշտից հնարավորինս դուրս բերելու և հանրային դաշտում պահելու համար, պետական կառավարման համակարգը թագավորական պալատի չվերածելու համար:
Մյուս կողմից, եթե դուրս գանք ինտրիգների դաշտից, որքան էլ դրանք սնուցվեն նաև իշխանություն երևույթի «բնական աղբյուրից», այստեղ խնդիրը նաև պետական քաղաքականությունն ու արտաքին քաղաքական կենսունակությունն է, հատկապես Հայաստանի համար և առավել ևս ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրի անվտանգային բարձր ռիսկերով, որոնք մեր դեպքում արտահայտվում են արցախյան խնդրում, Ադրբեջանի ագրեսիվ վարքագծով և դրանում ներգրավված ուժային կենտրոնների, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ սերտ աշխատանքը հույժ կարևոր է Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից:
Այդ իմաստով, փոխհամաձայնեցված, թե նույնիսկ շահերի բախումով, այդուհանդերձ, Հայաստանը կարող է շահել այդ դասավորությունից, եթե հնարավոր է իշխանության տարբեր կենտրոններով աշխատել ուժային տարբեր կենտրոնների հետ և ըստ այդմ համակողմանի ապահովել անվտանգության ապահովման դիվանագիտական ջանքերի առավելագույն արդյունավետ մակարդակ, եթե անգամ դա պետական կառավարման կենտրոնները դա անում են նաև միմյանց հանդեպ միավորներ վաստակելու մղումով: Իսկ տվյալ դեպքում գործ ունենք այնպիսի պետության հետ, ինչպիսին Միացյալ Նահանգները և հատկապես այն ֆոնին, որ Հայաստանն իշխանափոխությունից հետո առայժմ ավելի ինտենսիվ շփումներ և աշխատանք է կատարում Ռուսաստանի ուղղությամբ, Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ ուղղությամբ բալանսավորումը չափազանց կարևոր խնդիր է թե՛ ընդհանրապես արտաքին քաղաքականության, թե՛ մասնավորապես անվտանգության տեսանկյունից: Իհարկե այս իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է, եթե առաջնորդողը լինի սաբոտաժի շնորհիվ այլոց միավորները նվազեցնելը: Դա արդեն կլինի ազգային անվտանգության խնդիր և պետք է պարզապես հուսալ, որ կողմերից որևէ մեկը չի գնա այդ աստիճան անխոհեմության, հասկանալով, որ Հայաստանում կամ բոլորը և ամբողջապես կարող են անվտանգ լինել, կամ անվտանգ չի լինի ոչ ոք և հնարավոր չի լինի կառավարել որևէ մեկի, առավել ևս պետության փլատակների վրա:







































