Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը կլինի Բրյուսել: Այս մասին իր ֆեյսբուքյան տեսաուղերձում օրերս ասել էր ինքը՝ վարչապետը: «Պատրաստվում եմ այցելել նաև Եվրամիություն, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ կլինեն: Առաջիկայում այլ այցեր ևս պետք է լինեն»,- նշել է նա՝ հավելելով, որ Հայաստանը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պետք է վարի: Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր նաև, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինի: «Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա ըստ այն տրամաբանության, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալիս, ինչի մասին արձանագրված է մեր կառավարության ծրագրում, և ինչի մասին խոսել եմ կառավարության ծրագրի խորհրդատվական քննարկումների ժամանակ»,- ընդգծել էր նա:

Վարչապետ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այցը նախատեսվում է հուլիս ամսին, օրակարգն այս պահին հստակեցվում է։ Թեպետ Եղոյանն այլ մանրամասներ չհաղորդեց՝ մեզ հաջողվեց պարզել, որ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կունենա հանդիպումներ ամենաբարձր մակարդակով՝ Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ։ Հավանաբար վարչապետ Փաշինյանը նրանց հետ հանդես կգա համատեղ մամլո ասուլիսով։ Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը հանդիպում ունենա նաև «Կարնեգի» հիմնադրամի Բրյուսելի գրասենյակում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թեպետ հանդիպումներն առայժմ հստակեցման փուլում են, ամենայն հավանականությամբ կլինի նաև ԵՄ անդամ երկրների գործարար շրջանակների հետ հանդիպում՝ այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելով։ Ի դեպ՝ այս օրերին Բրյուսելում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նախապատրաստում է հենց վարչապետի այցը։ Մեզ հասած տեղեկություններով՝ չի բացառվում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում մեկնարկ տրվի նաև վիզաների ազատականացման շուրջ բանակցություններին։ Վարչապետ Փաշինյանը Բրյուսել կմեկնի բավականին մեծ պատվիրակության ուղեկցությամբ։
![]()
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, միջազգայնագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարևորելով վարչապետի՝ Բրյուսել կատարելիք այցը՝ ընդգծեց, որ դա համապատասխանում է կառավարության ներկայացրած ծրագրին: «Համապատասխանում է իր հայտարարություններին, որ նա արեց և՛ մայիսի 1-ին, և՛ 8-ին, երբ խորհրդարանում ընտրվում էր վարչապետ։ Եթե հիշում եք՝ արտաքին քաղաքականության ուղղությամբ շեշտադրումները նա անում էր 2-4 ուղղություններով՝ Ռուսաստանի հետ համագործակցություն՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, հետո՝ Եվրամիության հետ համագործակցություն՝ նոր պայմանագրի շրջանակներում, վիզաների ազատականացում։ Հետևաբար այս այցը դժվար չէր կանխատեսել: Ակնհայտ էր, որ Վրաստան ու Ռուսաստան այցելությունից հետո պետք է գնար Բրյուսել։ Հետաևաբար Ռուսաստանի հետ գրեթե հավասար համագործակցություն պետք է լինի նաև Եվրամիության հետ»,- ասաց Գրիգորյանը։
Ստեփան Գրիգորյանը շեշտում է՝ Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերը մնում է Եվրամիությունը, ուստի վարչապետի այցը Բրյուսել տեղավորվում է տրամաբանության մեջ և ճիշտ ժամանակին է։ Մեր զրուցակիցը կարևորում է նաև այն փաստը, որ այդ այցը տեղի է ունենում Հայաստանում ձևավորված դրական մթնոլորտում. «Իշխանության են եկել մարդիկ, ովքեր կհամադրեն խոսքը գործի հետ։ Նախկին իշխանությունները ասում էին, որ Եվրոպայի հետ պետք է սերտ աշխատեն, բայց մենք դա չտեսանք։ 4 տարի բանակցում էին Ասոցացման համաձայնագրի շուրջ, հետո 2013-ին հրաժարվեցին ստորագրել։ Իսկ հիմա խոսքն ու գործը կհամադրվեն։ Նիկոլ Փաշինյանի դեպքում գործը կլինի։ Նկատել եք, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում շատ ակտիվ աշխատանք է գնում Եվրամիության հետ վիզաների ազատականացման ոլորտում»։
Մեր զրուցակիցը շարունակում է. «Եկան նոր մարդիկ՝ նոր մտածելակերպով ավելի ժամանակակից, և պարզ է, որ Եվրոպայի համար նրանց հետ աշխատելը ավելի հեշտ է։ Նրանք կոռումպացված չեն, թափանցիկ են աշխատում՝ դա ավելի շատ է գրավում»։ Ստեփան Գրիգորյանը նաև օրինակ է բերում օրերս Ուկրաինայի կողմից Հայաստանում դեսպան նշանակելու հանգամանքը. «Արևելյան Գործընկերության առաջատար երկրներից Ուկրաինան, ով իր հարաբերությունները Հայաստանի հետ իջեցրել էր ժամանակավոր հավատարմատարի մակարդակին, օրերս նորից այստեղ դեսպան նշանակեց։ Գուցե կմտածեք՝ դա մանրուք է, բայց ըստ իս՝ շատ մեծ չափորոշիչ է։ Այսինքն՝ Ուկրաինան ցույց տվեց, որ պատրաստ է աշխատել նոր իշխանությունների հետ, ու կարգավիճակը բարձրացրեց։ Նույնը կլինի ԵՄ անդամ երկրների հետ. լեհերն ասում էին, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կվավերացնեն հոկտեմբեր- նոյեմբեր ամիսներին, բայց մոտ 10 օր առաջ վավերացրին։ Ասածս այն է, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները շատ լուրջ խթան կհանդիսանան մեր երկրի վարկանիշի բարձրացման ուղղությամբ»,- եզրափակեց նա։











































