«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։
-Պարոն Կարախանյան, ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում առկա իրավիճակի հետ կապված։ Ինչպե՞ս կապիտալացնել ձեռք բերված հաղթանակն ու թույլ չտալ նախկին իշխանություններին ռևանշի դիմել։
–Դա այսօր համար առաջին հարցն է։ Հեղափոխություն անելն իհարկե շատ լավ է, բայց կիսահեղափոխական վիճակը դարձնել իսկական հեղափոխություն՝ ամենաբարդ խնդիրն է։ Դասականներն էին ասում ՝ ամենակարևորը, որ հեղափոխությունը կարողանա ինքն իրեն պաշտպանել։ Նույնիսկ այս վիճակում, եթե նայենք Մոսկվայի տեսակետից, ապա ոչ միայն Ռուսաստանի հայերի, այլև ռուսաստանյան ղեկավար շրջանակների կողմից կա այն ցանկությունը, որ Հայաստանում առաջիկայում իրավիճակը կայունանա։ Տարբեր օլիգարխիկ շրջանակներ իհարկե ուզում են անդամագրվել այդ ռևանշի, սաբոտաժի գործողությունների մեջ, բայց դրա դեմ պետք է անխնա պայքար տանել։ Կիսատ չպետք է թողնենք իրավիճակը, պետք է չկանգնենք ճանապարհին, ու նախկին քրեաօլիգարխիկ համակարգին պետք է զրկենք իշխանական ու ադմինիստրատիվ լծակներից։ Դա անպայման պետք է արվի, սրա համար պետք է պատրաստ լինենք ու խոսքը միայն արտահերթ ընտրությունների մասին չէ։
Այն նշանակումները, որ այսօր կատարվում են՝ շատ են քննադատվում, բայց ես շատ լավատես եմ։ Թող լինեն երիտասարդ, կրեատիվ մտածողության մարդիկ, ասում են՝ գրանտակերներ են, Սորոսի ֆոնդից բերվածներն են, բայց դա չպետք է հիմք դառնա։
Իրենք պետք է հայաստանակենտրոն քայլերով առաջ գնան, այդ երիտասարդները շատ լավն են, բոլոր տեսակետներից, հասակցող մարդիկ են, նրանց կաջակցեն ու կպաշտպանեն։ Մենք ուշադիր հետևելու ենք, որ նրանք իրենց ծրագրերն իրագործեն։
Երկրորդ՝ կարևոր է տնտեսական ու ֆինանսական բազան վերացնել, եթե դա չեղավ՝ վերջնական արդյունք չի լինի։ Տեսնում ենք, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը ակտիվ աշխատանքների մեջ են, շատ ճիշտ ուղղություն է։ Այդ օրգանները պետք է իրենց խոսքն ասեն, վատ է, որ դատախազությունը, քննչական կոմիտեն չեն մասնակցում, բայց ընթացքում այդ հարցերը կլուծվեն․ կամ գնում ենք նոր Հայաստանի ստեղծմանը, կամ կառչում ենք պաշտոններից՝ մի քիչ նալին, մի քիչ մեխին խփելով։ Շատերը նույնիսկ արտասահման են գնում, Ռուսաստան՝ իրենց տանիքները գտնելու համար, բայց այդ ճանապարհով խնդիր կարգավորելը անցյալում է։ Օր առաջ պետք է զրկել ֆինանսական տնտեսական լծակներից, ստվերը պետք է վերանա, կապ չունի՝ ով է, ում հետ է մոտիկ, խոշոր է, մանր է։ Եվ երրորդ՝ պետք է ընտրակեղծարար մեքենան, որ մետաստազի նման Հայաստանի գլխին նստած է, վերանա։ Ե՛վ Մոսկվայի ղեկավարությունը, և՛ ողջ հայությունը անհամբեր սպասում է, որ սա լինի, որպեսզի ստեղծենք նոր Հայաստան, մենք ուզում ենք հայակենտրոն Հայաստան, ուժեղ հայկական պետականություն։
-Դուք նշեցիք, որ կան մեկնաբանություններ, որ նոր կառավարության անդամները կապ ունեն Սորոսի, Արևմուտքի հետ, դրա մասին պարբերաբար անհանգստություն է հայտնում նաև ռուսական մամուլը։ Դա պաշտոնակա՞ն մտահոգություն է, թե՞ ռուսական որոշ շրջանակների։
–Բնական է, որ այդ մտահոգությունները կան, բայց հարցը դա չէ։ Հարցն այն է, թե հետագայում ինչ են նրանք անելու։ Քրեաօլիգախրիկ, անճոռնի համակարգ կա, ու դրանից դուրս կազմակերպված ընդդիմություն չկար։ Եթե 2008-ին դու գնդակահարում ես քո քաղաքացիներին, կոտրում մարդկանց, դու այսօր այսպիսի իրավիճակ կունենաս։ Հիմա կարևոր է քրեաօլիգարխիկ համակարգի քանդումը, կան մտահոգություններ, բայց այդ երիտասարդները արտակարգ են ու նրանց ամեն ինչով պետք է պաշտպանել։
Կարող է արհեստավարժ չեն, բայց նրանց պետք է ամեն կերպ զորավիգ լինեն, ժողովրդի աջակցությունը թույլ է տալիս, որպեսզի նորմալ առաջ գնան։ Չպետք է վախենան՝ «դուխով»-ը պետք է շարունակվի։ Ռևանշի ու սաբոտաժի լուրջ վտանգ կա, այդ թվում՝ այն թելերով, որ տանում է Ռուսաստան։ Դա նաև ռուսական իշխանությունների, Կրեմլի մտահոգության առարկան է։ Պետք է վարեն հայամետ հայակենտրոն քաղաքականություն, ունենան սեփական դեմքը ու ստիպեն Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրոպային, որ հաշվի նստեն։ Թող ասեն, որ մենք հայաստանամետ քաղաքականություն ենք վարում, ոչ ոք Հայաստանից չի նեղանա, այդ թվում՝ Ռուսաստանը։
-Մյուս կողմից էլ, արդյո՞ք իրենց հերթին ռևանշի չեն սպասում նաև ռուսաստանահայ օլիգարխները։
-Երկակի իրավիճակ է, իհարկե։ Եթե ռուսահայ օլիգարխին ասում են՝ սա քեզ, սա էլ ենք վաճառում, աչքներս էլ փակում ենք, որ սահմանից մինչև սպառողին հասնելը աննորմալ թանկ գնով գազ վաճառես՝ բնական է, ցանկություններ կունենան։ Այսօրվա դրությամբ հնարավորություն կա էլեկտրաէներգիայի գինը նվազեցնել 50 տոկոսի չափով։ Ռուսաստանում բոլոր մասնագետները դա են ասում, ուղղակի հայկական մամուլում դա չի երևում։ Իհարկե ռուսահայ օլիգարխների այդ գործունեությունը շատ վատ է ընդունվում Ռուսաստանի իշխանությունների կողմից։ Հայ օլիգարխների վարվելաձևը հին ռեժիմի հետ ոչ մի անգամ չի խրախուսվել Ռուսաստանում՝ իշխանական մակարդակով։ Ու հեղափոխության վերջին պահին դա պարզ երևաց, ասացի չէ՝ ժողովրդական թեկնածուն վարչապետ է դառնալու, այդպես էլ եղավ ու ոչ ոք դրան չառարկեց։ Այդ մարդկանց բերեցին Հայաստանի իշխանություններն ու ինտեգրեցին իրենց քրեաօլիգարխիկ մտածողության մեջ։ Այդ մարդիկ էլ սովորեցին այդ սկզբունքին։
Հիմա այդ մարդկանց ՀՀ իշխանությունները կկանչեն ու հանգիստ կասեն, որ պետությունը պետք է շահ ստանա, ոչ թե Պողոսն ու Պետրոսը, որ այդ գումարները գնան արևմտյան երկրների օֆշորային բանկեր։ Հայաստանին անհրաժեշտ է հզոր տնտեսություն, պետական վարչական ռեսուրսը պետք է քանդել, ֆինանսական տնտեսական հենքի, ընտրակեղծարարների հենքը պետք է քանդել։
-Կարծում եք՝ նոր կառավարությունը կկարողանա՞։
Ես հասկանում եմ, որ մեր երիտասարդներին բարդ խնդիրներ ենք տալիս, բայց նրանք ավյունով, ուժով են, այդ ամենը տեսել են, հիմա պետք է լծվեն աշխատանքի։ Որ ասում էին դեմը խաղ չկա, հիմա իրենց թիկունքում կա ժողովուրդ ու պետք չէ ոչնչից վախենալ։ Պետք չէ կռանալ ու վախենալ, պետք է մեջքները պնդացնեն ու առաջ գնան։ Ռևանշիստական ու սաբոտաժային տարրերը կարող է գլուխ բարձրացնեն, դա շատ վտանգավոր է։ Ես համոզված եմ՝ արտասահմանում հայությունը ցանկացած պահի կգա ու կօգնի։ Ժամանակի խնդիր էլ իհարկե կա, դանդաղ ու հիմնովին պետք է շտապել, չպետք է թողնել հոկտեմբերին, նոյեմբերին․եթե քնեն, շատ վատ կլինի։ Հիմա պետք է քայլեր արվի, ամեն ինչ պետք է քանդվի։ Բոլորին պետք է հատ-հատ բացատրեն, որ աշխատեն պետականամետ, ստեղծում ենք իրականում Նոր Հայաստան։
Այս օրերին Վրաստանի հետ արտակարգ հանդիպումներ է անցկացնում ՀՀ վարչապետը, Հայաստան, Վրաստան Ռուսաստան, այդ ճանապարհի հարցը պետք է վերջնականապես լուծեն։ Տնտեսությունը պետք է զարգացնել։ Պետք է գազի գինը իջնի, ոնց ուզում է անի՝ էլեկտրականության, ջրի գինը ևս պետք է իջնի։ Ուզում են թռնեն երկինք, իջնեն ցած… բայց պետք է շատ լուրջ իջեցվի, այդ խայտառակությունից պետք է դուրս գանք։ Ինչ ուզում են անեն, հեղափոխություն է, գները պետք է իջեցնեն, եթե գները չիջեցնեն՝ շատ վատ կլինի, արդեն մարդկանց մեծ մասը համարելու է դեմագոգիա։ Սկզբունքային հարցերը պետք է լուծվեն հասարակ քաղաքացու համար։ Բարձր տեխնոլոգիաները պետք է զարգանան, Հայաստանը պետք է մանր ու միջին լաբորատորիաներ ստեղծի, հերիք է մոլեր ստեղծենք, առնենք-ծախենք։ 5-10 հազար բարձր տեխնոլոգիաների լաբորատորիաներ պետք է ստեղծենք, ու բոլոր երկրներից հայերի վզից բռնել ու բերել Հայաստան, ասել՝ վատ է, որ պանդուխտի նման ապրել եք այսքան, հիմա հնարավորություն կա, եկեք՝ հայակենտրոն բան ենք անում։










































