ԱՄՆ-ի ՝ Իրանի հետ «միջուկային համաձայնագրից» դուրս գալուց հետո Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է, որ Վաշինգտոնը Իրանում իշխանափոխության չի ձգտում։ ԱՄՆ-ի քաղաքականության նպատակն այն է, որ Թեհրանը «երբևէ չմոտենա» միջուկային զենքի ստեղծմանը։ Այս մասին նա ասել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ավելի վաղ Բոլթոնը կողմ էր Իրանում ընդդիմության ուժեղացմանը՝ երկրում իշխանափոխության հասնելու համար։ «Ես շատ բաներ եմ ասել և գրել այն տարիներին, երբ բոլորովին անկախ էի»,-այս կապակցությամբ ասել է Բոլթոնը։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքից դուրս գալու և այդ երկրի դեմ պատժամիջոցները վերականգնելու մասին։ Թրամփի կարծիքով՝ Թեհրանը շարունակում է ուրանի հարստացումը, ինչպես նաև միջուկային զենք է մշակում։










































