Վերջին օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի սենսացիոն հայտարարությունն է, ըստ որի իսրայելական հետախուզությունը կես տոննա գաղտնի նյութեր է գտել, որոնք փաստում են Իրանում ռազմամիջուկային ծրագրի առկայությունը: Ամերիկյան և իսրայելական կողմերը պնդում են, որ Իրանը շարունակում է իրացնել ուրանի հարստացման ծրագրերը՝ այսպիսով խախտելով միջուկային համաձայնության դրույթները: Իրանական կողմը ժխտում է ամերիկա-իսրայելական տանդեմի պնդումը՝ հայտարարելով, որ 2015թ․իրանական պատժամիջոցների չեղարկման օրից անվրեպ կատարել է իր պարտականությունները:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Եվրամիության անդամ երկրներից պահանջել է մասնակցել Իրանի հետ խաղաղ ատոմի վերաբերյալ գործարքի շտկման կամ վերանայման գործընթացին: Անկասկած, Թեհրանի և Վաշինգտոնի առճակատումը չի կարող չանդրադառնալ Հարավային Կովկասի երկրների, այդ թվում Հայաստանի վրա:
Միաժամանակ Իրանի, Ռուսաստանի և Իսրայելի առճակատումը ավելի է թեժանում Սիրիայում: Տարածաշրջանային ամենավերջին զարգացումների մասին մեր շարքն իրանագետ Ահարոն Վարդանյանի հետ է:
«Առաջին հայացքից թվում է՝ ամպրոպ է անամպ երկրում, բայց ամենևին այդպես չէ. Իրանի և Իսրայելի հարաբերությունները միշտ էլ վատ են եղել»,-փաստեց մեր զրուցակիցը:
Վարդանյանը կարևորեց նաև այն հանգամանքը, թե որտեղից է Իրանի միջուկային ծրագրին վերաբերող ենթադրյալ փաստաթղթերը հայտնվել Իսրայելի ձեռքում: «Քուվեյթական աղբյուրների համաձայն՝ այդ փաստաթղթերը իսրայելական արտաքին հետախուզական ծառայոթւան՝ «Մոսադ»-ի գործակալները ձեռք են բերել Իրանի տարածքից, այնուհետև գործակալների մի խումբ դրանք հասցրել է մինչև Իրան-Ադրբեջան սահման, որից հետո փաստաթղթերը Ադրբեջանից տեղափոխվել են Իսրայել»,-նշեց նա՝ շեշտելով, որ այս տեղեկությունն, անկասկած, առաջիկայում կազդի Իրան-Ադրբեջան հարաբերությունների վրա:
Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե Միացյալ Նահանգները դուրս գա կամ վերանայի Իրանի հետ միջուկային համաձայնագրի դրույթները, ապա իրանական կողմն այլևս ոչ մի պարտավորություն չի ստանձնի և կստեղծի սեփական միջուկային զենքը, ինչը նշանակում է, որ Իրանն այլ հարթությունից կխոսի աշխարհի հետ:
Վարդանյանը նաև չբացառեց Սիրիայում Իրանի և Իսրայելի ռազմական անմիջական բախման հնարավորությունը: Նրա խոսքով՝ Սիրիայում Ռուսստանի և Իրանի շահերը համընկնում են, բայց գալու է մի շրջան, երբ այս երկրների, այդ թվում՝ Թուրքիայի շահերը բախվելու են արաբական այս հանրապետության տարածքում: Միևնույն ժամանակ Վարդանյանը հույս հայտնեց, որ դիվանագիտական քայլերի շնորհիվ հնարավոր կլինի խուսափել նման բախումից:
Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին՝ նա ընդգծեց, որ պաշտոնական Երևանի և Թեհրանի հարաբերությունները կախված չեն երրորդ կողմից:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: