Ֆրանսիական «Յառաջ» պարբերականի փոխանցմամբ՝ 2012-ին Գաղթականների պաշտպանության և անհայրենիքների ֆրանսիական գրասենյակին (OFPRA), պաշտոնական տվյալներով, Հայաստանից ապաստանի դիմում է ներկայացրել 1.978 մարդ: Ըստ նույն աղբյուրի՝ այդ թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 42%-ով: Պատճառն այն է, որ 2011-ին Հայաստանը ներառվել է ապահով երկրների ցանկում:
Հայաստանի քաղաքացիները ապաստանի դիմում են ներկայացրել հիմնականում հետևյալ երկու հիմքերով: Նախ՝ ոմանք հայտարարում են, թե ծագումով լինելով ազերի՝ Հայաստանում ենթարկվել են հալածանքների և փախուստի դիմելով՝ հաստատվել են Ռուսաստանում: Այնտեղ էլ չկարողանալով կարգավորել իրենց կարգավիճակը և տեղի իշխանությունների ու բնիկ բնակիչների կողմից որպես կովկասցի հալածվելով՝ ստիպված են եղել փախուստի դիմել:
Դիմողների մեկ այլ ստվար խումբ որպես Ֆրանսիա ապաստանելու պատճառ ներկայացրել է Մարտի 1-ի դեպքերը կամ դրանց առնչված զարգացումները: Կան նաև կրոնական կամ ազգային փոքրամասնության անդամներ, ինչպես, օրինակ, եհովայականները, ավետարանիչները, եզդիները:
Ի դեպ, վերոնշյալ թվում (1.978) ընդգրկված չեն նրանց ընկերակցող անչափահասները (661):
2012-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով՝ 3.633 հայաստանցիներ (50%-ը) վայելում են OFPRA-ի պաշտպանությունը: