«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակում հայտարարել է քայլարշավի մեկնարկի մասին, որը նպատակ ունի ծանուցել հանրությանը նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տարվող պայքարի մասին: Փաշինյանն ասել է, որ 14 օր քայլելու է՝ օրական 15 կիլոմետր, ոտքով գալու է Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է քառօրյա հանրահավաք: Քայլերթի ընթացքում, պատգամավորի փոխանցմամբ, ինքն այցելելու է Գյումրի, Վանաձոր, Աբովյան, Հրազդան և մի քանի այլ քաղաքներ:
Սա է, այսպես կոչված, «14+4» ծրագրի ամբողջ էությունը:
Մինչ դրա բովանդակությանն անդրադառնալը՝ հպանցիկ նկատենք, որ իր շարժման կառուցվածքը Փաշինյանն ու նրա թիմն ակնհայտորեն ընդօրինակել են Մարտին Լյութեր Քինգի շարժումից: 1968 թվականի օգոստոսի 28-ին ԱՄՆ-ում տեղի է ունեցել մեծ հանրահավաք, որին մասնակցել է 250.000 մարդ։ Քայլերթ էին սկսել ԱՄՆ մեծ քաղաքներից, որը եզրափակվել էր Վաշինգտոնում տեղի ունեցած մեծ հանրահավաքով, որտեղ ելույթ է ունեցել Մարտին Լյութեր Քինգը՝ «Ես ունեմ երազանք» (I Have a Dream) կարգախոսով: ԱՄՆ-ում այդ պայքարը կոչում են նաև քաղաքացիական իրավունքների շարժում։ Ավելորդ չէ նշել, որ այն եղել է բացառապես քաղաքացիական և չի հետապնդել իշխանություն փոխելու կամ իշխանության գալու խնդիր:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երկու շաբաթվա ընթացքում կողմնակիցների փոքր խմբի հետ Գյումրիից տասնյակ կիլոմետրեր կտրելով և Երևան հասնելով՝ չորս օր շարունակ պերմանենտ հանրահավաք անցկացնելով, հնարավոր է կանխել Սերժ Սարգսյանի նոր իշխանավարումը կամ հասնել իշխանության կազմաքանդմանը:
Նույնիսկ ամենահոռետեսական կանխատեսումների պարագայում դժվար էր ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու նման պարզունակ, միագիծ օրակարգով, ինչը թույլ չի տա լուծել անգամ շարքային որևէ հարց, էլ ուր մնաց՝ հանգեցնի Սերժ Սարգսյանի հեռացմանը կամ իշխանափոխությանը: Հասարակությունը Նիկոլ Փաշինյանից ակնկալում էր բովանդակային առումով ավելի հարուստ, բազմաշերտ ծրագիր, որը, Սերժ Սարգսյանի հեռացումը պահանջելուց զատ, պետք է գոնե ընդհանուր գծերով ներկայացներ ընդդիմադիր գործչի պատկերացումները երկրի զարգացման տեսլականի շուրջ: Այլ խոսքով՝ մարդիկ Փաշինյանից սպասում էին իրապես այլընտրանքային օրակարգ:
Նիկոլ Փաշինյանը նախորդ ընդդիմությանը պարբերաբար և հետևողականորեն օբյեկտիվորեն մեղադրում էր քաղաքական ինքնանպատակության, իր խոսքերով՝ ժողովրդին Երևանում «զբոսանքի» հանելու համար: Հիմա փաստորեն ինքն է կազմակերպում «զբոսանք», ընդ որում՝ հոգնատանջ և նույնքան աննպատակ, առանց ռացիոնալ օրակարգի և քաղաքական բովանդակության: Ընդ որում, Փաշինյանի այսօրվա «ճանապարհային քարտեզը» հակասության մեջ է մտնում ինստիտուցիոնալ ընդդիմություն կայացնելու նրա թեզի, «Ելք» դաշինքի քաղաքական հայտի հետ:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իսկապես այնքան պարզունակ պատկերացում ունի տարիներով ամրապնդված համակարգի մասին, որ կարծում է, թե Գյումրի-Երևան «էքսկուրսիայով» և հրապարակում չորս օր «Սերժ, հեռացիր» վանկարկելով՝ հնարավոր է հասնել իշխանափոխության: Թե՞ Նիկոլն ընդամենը փորձում է լուծել լիդերության հարց՝ իր դաշինքային գործընկերների, մյուս ընդդիմադիրների իբրև թե անգործությունը ցույց տալով, և նրա օրակարգում առաջնայինը Սերժ Սարգսյանի հեռացման հարցը չէ: Մի՞թե ակնհայտ չէ, որ սխեմատիկ ու ձախողված գործընթացից հետո գործիչը ոչ թե լիդեր, այլ մարգինալ է դառնում:
Սակայն ավելի տեղին ու ակտուալ է մեկ այլ հարցադրում՝ արդյո՞ք արժեր նման չհաշվարկված, ըստ էության ռացիոնալությունից և բովանդակությունից զուրկ քաղաքական ակցիայի հետևանքով փաստացի կազմաքանդել «Ելք» դաշինքը՝ հերթական անգամ ի դերև անելով ինստիտուցիոնալ լուրջ ընդդիմություն ձևավորելու շանսը:
Նիկոլի արշավանքը հեգնանքի հրաշալի առիթ կտա իշխանությանը, սակայն դրա կանխատեսելի ձախողումից հետո դժվար է պատկերացնել նրա վերադարձը «Ելք», որովհետև դաշինքի մյուս երկու կուսակցությունները հազիվ թե ցանկանան քաղաքական պատասխանատվություն կրել Փաշինյանի սեպարատ և չհամաձայնեցված կամպանիայի համար:
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն գնում է քաղաքական կապիտալի փոշիացման ճանապարհով: Քաղաքական և գործընկերային էթիկայի կանոնները հուշում են, որ դրանից առաջ նա գոնե պետք է հրաժարվեր «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնից՝ դաշինքը իր «սեպարատ հեղափոխության» փլատակների տակ չթողնելու համար:








































