Պաղեստինը, որը մեկ տարի առաջ ՄԱԿ-ում ստացել է դիտորդի կարգավիճակ, երկուշաբթի օրը պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում անցկացվող՝ նախկին Հարավսլավիայի հարցով Միջազգային ատյանի դատավորներից մեկի ընտրության քվեարկությանը: ԳԱ դահլիճում ներկա 193 անդամ պետությունների ներկայացուցիչները պաղեստինցի ժողովրդի կամքի առաջին արտահայտումը դիմավորել են բուռն ծափողջույններով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Դա շատ կարևոր քայլ է՝ ազատության, անկախության և ՄԱԿ-ում լիիրավ անդամ դառնալու մեր ճանապարհին»,- նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիադ Մանսուրը:
Նրա ելույթը դժգոհություն է առաջացրել Իսրայելի ներկայացուցչի մոտ, որը Պաղեստինին մեղադրել է իրական իրադարձությունից՝ վերոնշյալ դատավորի ընտրությունից ուշադրությունը շեղելու փորձի մեջ: Իսրայելցի դիվանագետի խոսքով՝ Իսրայելը, ինչպես նախկինում, Պաղեստինը չի դիտարկում որպես պետություն:
ԳԱ նիստից հետո Մանսուրը լրագրողներին ասել է, որ քվեարկությունը խորհրդանշական էր, ինչպես նաև պաղեստինցի ժողովրդին հասցեագրված ծափողջույնները:










































