Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Facebook-ում գրել է, որ Ուկրաինա կվերադառնա «շատ շուտով»։ Երեկ հաղորդվել էր, որ Ուկրաինայի Սահմանային պետական ծառայությունն արգելել է քաղաքական գործչին մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը։ Այդ մասին վկայող փաստաթուղթը Սաակաշվիլին կցել է իր գրառմանը։
«Ինձ հետ, թե առանց ինձ, այս իշխանության վերջն արդեն եկել է, իսկ ես Ուկրաինա՝ տուն կվերադառնամ շատ շուտով՝ 3 տարուց շատ ավելի շուտ»,-հայտարարել է Սաակաշվիլին։
Նա նշել է, որ ուկրաինական իշխանություններն իրեն համարում են «ժողովրդական բողոքի շարժիչ» և հույս ունեն ազատվել ժողովրդական դժգոհությունից՝ արգելելով Սաակաշվիլիի մուտքն Ուկրաինա, սակայն դա «հերթական հիմար սխալն է», քանի որ, ինչպես ընդգծել է քաղաքական գործիչը, ինքը բարեփոխումների բացակայությունից և իշխանությունների խարդախությունից դժգոհ միլիոնավոր մարդկանցից միայն մեկն է։
Միխայիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր Կիևի կենտրոնի «Սուլուգունի» ռեստորանում փետրվարի 12-ին։ Դրանից հետո նրան արտաքսել էին Վարշավա։ Փետրվարի 14-ին հայտնի էր դարձել, որ Սաակաշվիլին գտնվում է Նիդերլանդներում։







































