Ռուս բժիշկների խումբ է գաղտնի ժամանել Յեմեն և վիրահատել երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլե Սալեհին՝ տեղեկացնում է Reuters-ը: Վիրահատությունը կատարվել է Սաուդյան Արաբիայի թագավորի՝ Մոսկվա կատարած ճակատագրական այցից հետո: Ինչպես հայտնի է, Սաուդյան Արաբիան արդեն երկու տարուց ավելի է՝ ռմբակոծում է Սալեհին հավատարիմ յեմենցի ապստամբներին:
Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Սալեհիի վիրահատության անհրաժեշտությունը պայմանավորված է 2011թ. նրա դեմ իրականացված մահափարձի հետևանքներով: Վիրահատության մանրամասները չեն հրապարակվում: Հայտնի է, որ մահափորձից հետո Սալեհին մեկ անգամ վիրահատվել է ԱՄՆ-ում, սակայն 2014թ. Յեմենում քաղաքացիական պատերազմի ֆոնին ՄԱԿ-ը պատժամիջոցներ է կիրառել նրա նկատմամբ, և իշխանությունը հանձնելուց հրաժարված նախկին նախագահը հնարավորություն չի ունեցել շարունակելու բուժումը:
Լրատվամիջոցը պնդում է, որ ռուս բժիշկների գաղտնի այցը համաձայնեցված է եղել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ:







































