Պատվաստումների արդյունավետության և որակի առումով Հայաստանը տեղ ունի աշխարհի առաջատար երկրների շարքում, իսկ տարածաշրջանում առաջինն է:Այս մասին իր ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: «Հայաստանը կարող է պարծենալ այս առումով»,-ասաց նա:
Անդրադառնալով սկրինինգային ծրագրերին՝ Ալթունյանն ասաց, որ դրանց շնորհիվ հնարավոր է դառնում վաղ հայտնաբերել այնպիսի ոչ ինֆեկցիոն հիվանդություններ, ինչպիսիք են ճնշումը, սրտանոթային հիվանդությունները, արգանդի պարանոցի քաղցկեղը: «Սկրինինգի ենթարկված բնակչության քանակը տարեցտարի աճում է, սակայն որակը դեռ աճելու տեղ ունի»,-ասաց նա:
Մարզային առողջապահական համակարգի արդիականացման հետ կապված էլ նախարարն ասաց, որ Վանաձորի բժշկական կենտրոնը բժշկական և ախտորոշիչ սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցնելու նպատակով արդեն իսկ պայմանագրեր են կնքվել:
Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման և Արտաշատի ԲԿ-ի վերակառուցման աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան:
Լուսանկարը՝ Photolure-ի











































