Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի (Վալ դե Մարնի շրջան) քաղաքային խորհուրդը հունիսի 30-ին որոշում կայացրեց Բարեկամության հռչակագիր ստորագրել Բերձոր (Արցախի Հանրապետություն) քաղաքի հետ:
Բարեկամության այս հռչակագիրը թվով 9-րդ է լինելու արցախյան և ֆրանսիական համայնքների միջեւ կնքված համագործակցության մասին համաձայնագրերի շարքում: Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի փոխնախագահ Ռենե Ռուքեն, որը նաև երկար տարիներ զբաղեցրել է Ալֆորվիլի քաղաքապետի պաշտոնը, իր շնորհավորական ուղերձն է հղել Ալֆորվիլի ներկայիս քաղաքապետ Լյուկ Կարվունասին, ինչպես նաև Բերձորի քաղաքապետին:
«Ինձ համար շատ ուրախալի է հռչակագրի ստորագրման որոշման մասին լուրը, որը խորհրդանշում է հարգանքի և բարեկամության վրա հիմնված ավելի քան 2 տասնամյա մեր հարաբերությունները», – նշել է Ռենե Ռուքեն։
Ալֆորվիլի քաղաքապետ, Ֆրանսա-Արցախ Բարկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը, անդրադառնալով Հռչակագրի կողմից հետապնդվող նպատակներին, նշել է, «փաստաթուղթը թույլ է տալու համատեղ ուժերով զարգացնել Արցախի շրջանները՝ հնարավորություն տալով տեղի բնակիչներին իրենց հողի վրա կերտել սեփական ապագան»:










































