Փարիզի քաղաքային խորհրդի անդամները հանդես են գալիս Ասադների ընտանիքին պատկանող սեփական օբյեկտների դեմ հետաքննության շուտափույթ անցկացման օգտին: Այս մասին Le Monde-ում գրում է Անն Միշելը:
Պարբերականը գրում է, որ Փարիզի քաղաքապետարանում առկա են որոշակի մտահոգություններ: Ոչ պաշտոնական աղբյուրի տվյալներով՝ Բաշար Ասադի հորեղբայրը՝ Ռիֆաաթ Ասադը, ով փորձել է խլել իշխանությունն ավագ եղբորից՝ Հաֆեզ Ասադից, և ով աքսորի մեջ ապրում է Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում 80-ականների կեսերից, մտադիր է առաջիկա ամիսներին վաճառել փարիզյան անշարժ գույքի մեծ մասը:
Քաղաքապետարանի տվյալներով՝ Ռիֆաաթ Ասադին է պատկանում մոտ 40 բնակարան՝ Փարիզի 15-րդ և 16-րդ շրջաններում: Լյուքս դասի այդ բնակարանների արժեքը գնահատվում է մոտ 40 մլն եվրո:
Պարբերականը նշում է, որ Դամասկոսի պաշտպանության բրիգադի նախկին ղեկավարի անշարժ գույքի ծագման շուրջ հարցեր են առաջանում: Բացի այդ, նա միջազգային հանրության աչքում հանդիսանում է որպես Համայում 1982-ի փետրվարին կատարված զանգվածային սպանությունների գլխավոր գործող անձ: Սպանությունները տեղի են ունեցել«Մուսուլման եղբայրների» ապստամբության ճնշման ընթացքում:
Ռիֆաաթ Ասադի անշարժ գույքի օբյեկտները փաստաթղթերով պատկանում են նրա կանանց ու երեխաներին:
Իրավաբանների և փաստաբանների Sherpa ասոցիացիան և Transparency International-ի ֆրանսիական ստորաբաժանումը մտադիր են դիմել Փարիզի դատախազությանը Բաշար Ասադի հորեղբոր դեմ շուտափույթ հետաքննություն սկսելու համար:









































