Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ում և Ռուսաստանի հանդեպ նրա վերաբերմունքը միմյանցից կախում չունեցող երկու թեմաներ են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հնդկական հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ տեղեկացնում է Anadolu-ն:
Հարցին, թե ինչպես կազդի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների լարվածությունը Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, Էրդողանը պատասխանել է. «Ռուսաստանը Թուրքիայի հարևանն է և տնտեսական խոշոր գործընկերը: Թուրքիան նաև ռազմական, քաղաքական, տնտեսական, առևտրային հարաբերություններ է զարգացնում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ: Այսինքն՝ մենք չենք ձգտում մեկի օգտին հրաժարվել մյուս ուղղությունից»:
Սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ Էրդողանը նշել է, որ Անկարան այդ թեման քննարկում է ոչ միայն Ռուսաստանի և ԱՄՆ-ի, այլև տարածաշրջանի երկրների՝ մասնավորապես Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Իրանի հետ:
Նրա խոսքով՝ Ասադի ռեժիմը Սիրիայում իրականացնում է պետական ահաբեկչություն: «Այդ երկրում գործում են նաև ահաբեկչական մի շարք խմբավորումներ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը, YPG-ն և PYD-ն»,- ասել է նա: