«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Միքայել Զոլյանը։
-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները «գունավոր հեղափոխություն» թույլ չեն տա երկրում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում: Որևէ արձագանք այս հայտարարությանը առ այն, որ Հայաստանը անկախ և սուվերեն պետություն է, չեղավ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ: Եվ առհասարակ ի՞նչ նպատակ ուներ այս հայտարարությունը:
-Չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ մեծ նորություն կա։ Ռուսաստանի իշխանությունները արդեն շատ վաղուց համարում են, որ «գունավոր հեղափոխությունները» հետխորհրդային երկրների տարածքում կազմակերպվում են Արևմուտքի կողմից և վտանգ են ներկայացնում Ռուսաստանի շահերի համար։ Այդ դիրքորոշումը բավականին հին է․ առնվազն Ուկրաինայում «նարնջագույն հեղափոխությունից» հետո դա ձևավորվեց։ Ընդ որում՝ այդ դիրքորոշումը միայն նախկին խորհրդային երկրներին չի վերաբերում։ Ընդհանրապես, սովորաբար Ռուսաստանը գերադասում է ցանկացած երկրում ներկա իշխանությունների հետ աշխատել, իսկ զանգվածային ելույթները իշխանության դեմ դատապարտում է։ Այնպես որ, այս դեպքում կարծում եմ՝ մենք գործ ունենք այդ սկզբունքի հետ։ Գուցե այդ հայտարարության համար անմիջական առիթ էին Ռուսաստանում և Բելառուսում վերջին ամիսներին տեղի ունեցած բողոքի գործողությունների հետ, և այդ առումով, այն ավելի շատ ներքին օգտագործման համար է։
-Արդյո՞ք սա չի խոսում այն մասին, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ն իր տարածքն է համարում և այս գնահատականներն էլ դրա ապացույցն են։
-Վերը նշվածից ելնելով՝ չեմ կարծում, որ այդ հայտարարության իմաստն այն է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ը իր տարածքն է համարում։ Իհարկե, Ռուսաստանը ամբողջ հետխորհրդային տարածությունը իր հատուկ շահերի գոտին է համարում, և սա վաղուց հայտնի է։ Բայց տվյալ դեպքում, կարծում եմ՝ խոսքը նաև այն մասին է, որ Ռուսաստանում բացասական են ընկալվում ընդհանրապես իշխանության դեմ ուղղված ցանկացած ելույթներ, լինեն դրանք նախկին ԽՍՀՄ տարածքում, թե դրանից դուրս։ Իհարկե, հնարավոր են բացառություններ, բայց ընդհանուր միտումը դա է։ Ավելին, ինչպես ասացի, կոնկրետ այս հայտարարությունը, չեմ բացառում, որ հիմնականում ուղղված էր ներքին ռուսական լսարանին։
-Քաղաքական ուժերից որևէ մեկը չարձագանքեց այս հայտարարությանը: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ:
-Իսկ ով, կամ ինչու պետք է արձագանքեր։ Եթե ընդդիմադիրներն արձագանքեին, պետք է միանգամից հիմք տային կասկածելու, որ հենց իրենք են «գունավոր հեղափոխություն» նախապատրաստում։ Իշխանությունն էլ, բնական է, չպիտի արձագանքեր։ Չէ որ ըստ պաշտոնական վարկածի՝ Հայաստանում ամեն ինչ հիանալի է, իշխող ուժը հենց նոր ստացել է ընտրողների վստահության քվեն, մենք փայլուն հարաբերություններ ունենք թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ, ինչու պետք է մեզ մոտ հեղափոխություն լինի։ Մի խոսքով, չեմ պատկերացնում՝ որևէ ուժ ինչպես կարող էր արձագանքեր։
-Ըստ Ձեզ՝ այն տրամադրությունները, որ կային նախորդ տարի ապրիլին ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի նկատմամբ, որքանո՞վ են պահպանվել նաև հիմա:
-Իհարկե, դա պարզելու համար պետք է լուրջ սոցիոլոգիական հարցում անցկացնել, իսկ ես նման հարցումների մասին տեղյակ չեմ։ Իմ անձնական տպավորությունը կարող եմ ասել՝ հիմնված ԶԼՄ-երի և սոցիալական ցանցերի վրա։ Ինձ թվում է, որ անցյալ տարվա տրամադրություններն այժմ մի քիչ մարել են։ Մասամբ դա կապված է նրա հետ, որ ժամանակ է անցել, և հասարակությունը վերադարձել է իր համար ավելի սովորական վիճակի՝ համապատասխան տրամադրություններով և մոտեցումներով։ Մյուս կողմից, որոշ շեշտադրումներ արվեցին նաև ռուսական կողմից, որպեսզի իրավիճակը շտկվի։ Հիշենք «Իսկանդերների» մասին, հիշենք նաև, որ առնվազն անցյալ տարվա օգոստոսից հետո ավելի քիչ է խոսվում ինչ-որ զիջումների և «պլանների» մասին, ավելին, Լավրովը վերջին մի քանի ամիսներին մի քանի հայտարարություն արեց, որոնք կարող էին որպես հայամետ դիտարկվել։ Այլ հարց է, որ այս ամենը իրավիճակային է։ Եթե, օրինակ, վաղը նոր միջադեպեր լինեն և նորից ռուսական զենքը օգտագործվի, կարող են նորից նման տրամադրություններ առաջանալ։ Ամեն դեպքում, կարծում եմ, մենք դեռ երկար ժամանակ ականատես կլինենք հանրային կարծիքի այս տատանումներին։








































