Uber-ը հատուկ ծրագրային ապահովում է օգտագործում, որը հնարավորություն է տալիս պատվերներ չընդունել պաշտոնյաներից, ոստիկաններից և իշխանության այլ ներկայացուցիչներից այն քաղաքներում, որտեղ ընկերության գործունեությունն արգելված է կամ նրա նկատմամբ հետաքննություն է տարվում: Համակարգի գոյության մասին New York Times թերթին հայտնել է Uber-ի մի քանի նախկին և ներկա աշխատակից:
Uber տաքսի-ծառայությունն արդեն մի քանի տարի օգտագործում է Greyball համակարգը, որը հավաքում է հաճախորդների անձնական տվյալները և վերլուծում է դրանք: Ընկերությունում պնդում են, որ Greyball-ն օգնում է պայքարել անբարեխիղճ հաճախորդների դեմ, որոնք խախտում են ծառայությունների տրամադրման կանոնները:
Greyball-ը տեղեկություն է հավաքում ինչպես Uber հավելվածից, այնպես էլ՝ այլ ռեսուրսներից: Մասնավորապես, ծրագիրը վերլուծում է հասցեները՝ առանձնացնելով շրջանները, որտեղ գտնվում են վարչական շենքերը: Հետո Uber-ի աշխատակիցները վերլուծում են՝ ինչպես են հավելվածն օգտագործում այդ գոտում գտնվող մարդիկ:
Եթե մարդը հաճախ է բացում և փակում հավելվածը, նա Greyball-ում սահմանվում է որպես ենթադրաբար կապված իշխանությունների հետ: Ծրագիրը նաև վերլուծում է հաճախորդների վարկային քարտերի տվյալները՝ այդպիսով հայտնաբերելով պետական կառույցների աշխատակիցների քարտերը:
Արդյունքում, եթե մարդը Greyball-ում սահմանվում է որպես իշխանությունների հետ կապ ունեցող, Uber-ի հավելվածը ցույց է տալիս, որ այդ պահին ազատ մեքենաներ չկան, կամ հավելվածի հիմնական էկրանը փոխարինում է կեղծով: