Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ժակ Միյարը երկրի արդարադատության նախարարություն է ուղարկել առաջարկ՝ արգելելու ամուսնություններն անօրինական ներգաղթյալների միջև։ Այս մասին հայտնում է RT -ն՝ հղում անելով փաստաթղթին։
«Ամուսնությունը դասվում է մարդու հիմնական իրավունքների թվին, ինչը ճանաչվում է շատ միջազգային կոնվենցիաներով…սակայն չի կարելի թույլ տալ ամուսնություն կնքել ֆրանսիական հողում առանց նրանց անձը հաստատող փաստաթղթերի իսկությունը հաստատելու հնարավորության»,-ասվում է պատգամավորի առաջարկում։
Նրա խոսքով՝ փախստականների միջև ամուսնական միությունների կնքումը կարող է հանգեցնել անվերահսկելի միգրացիայի։ Բացի այդ, հնարավոր չէ ստուգել այդ մարդն այլ անձի հետ ամուսնացած եղե՞լ է թե՞ ոչ։ «Եվ դա կսրի հարաբերություններն այլ երկրների հետ»,-կարծում է Միյարը։
Ինչպես նշվում է՝ առանց փաստաթղթերի ներգաղթյալների միջև ամուսնությունների կնքման դեմ են հանդես գալիս նաև Եվրախորհրդարանում ֆրանսիացի այլ պատգամավորներ։










































