Մեքսիկան Իսրայելից ներողություն է սպասում ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման մասին հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուի ասածների համար: Այս մասին Televisa հեռուստաալիքի եթերում երկուշաբթի հայտարարել է Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Լուիս Վիդեգարայը:
Ավելի վաղ Նեթանյահուն «մեծ գաղափար» է անվանել անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու Թրամփի որոշումը:
«Նախագահ Թրամփը ճիշտ է: Ես պատ եմ կառուցել Իսրայելի հարավային սահմանին, դա կանգնեցրել է անօրինական ներգաղթը: Մեծ հաջողություն, մեծ գաղափար»,- իր թվիթերյան էջում գրել է վարչապետը:
«Մենք սպասում ենք, որ պարզաբանում կլինի, ժխտում: Կարծում եմ՝ ներողությունը հարմար կլիներ տվյալ դեպքում»,- հայտարարել է Վիդեգարայը:
Ավելի վաղ Մեքսիկայի հրեական համայնքը դատապարտել է Նեթանյահուի դիրքորոշումը ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու հարցում և հայտարարել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյին աջակցության մասին:










































