Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնական միջոցառումների ծրագիրը:
Այս տարի Երևան քաղաքում ամանորյա տոնակատարություններին հասանելիք բյուջեն նախորդ տարիների համեմատ կրճատվել է 20 միլիոն դրամով. ծախսվելու է 39 միլիոն դրամ։ Այս մասին հայտարարեց Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ խնայողությունները կատարվել են մշակութային միջոցառումների կրճատման հաշվին, դրանք ուղղվելու են սոցիալական միջոցառումներին: Երևանի փոխքաղաքապետը բյուջեի կրճատումը պայմանավորեց նաև ապրիլյան պատերազմով. բյուջեից գումար է նախատեսված եղել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած և զոհված զինվորների ընտանիքներին:
Հարցին՝ արդյոք նախորդ տարիներին հնարավոր չէ՞ր կրճատել ամանորյա միջոցառումներին հատկացվող բյուջեն, ինչպես այս տարի, փոխքաղաքապետը պատասխանեց՝ հնարավոր էր, բայց անհրաժեշտ չէր:








































