Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կոնսենսուսն աննախադեպ էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:
«Մենք չենք ունեցել ո՛չ նման համագործակցության երևույթ և ո՛չ էլ համագործակցության նման արդյունք, և մենք իսկապես լիահույս ենք, որ այս համագործակցության արդյունքը շարունակական է լինելու ոչ միայն փաստաթղթի ընդունման, մեխանիզմի ձևավորման ժամանակահատվածում, այլև ընտրությունների ժամանակահատվածում»,- ասաց նա:
Նաղդալյանը նաև նշեց, որ մեր երկրում քաղաքացիական հասարակությունը չի սահմանափակվում այն ներկայացուցիչներով, այն ինստիտուտներով, այն կազմակերպիչներով, որոնք ուղղակիորեն մասնակցել են այս գործընթացին:
«Ես կոչ կանեի բոլորին` կանգ առնել և անդրադարձ անել, գտնել համագործակցության այն եզրերը, այն հնարավորությունները, որոնք մեզ բերելու են ավելի լավ արդյունքների»,- նշեց Հ. Նաղդալյանը:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ դուք քաղաքացիական հասարակության նոր ներկայացուցիչներ ներգրավեք, հ Նաղդալյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ պետք է քաղաքացիական հասրակության ներկայացուցիչներին բաժանել նորերի, հների, որոնք մասնակցել են, որոնք չեն մասնակցել: Այս գործընթացում շահագրգիռ ենք բոլորս, ամբողջ հասարակությունը՝ և’ քաղաքական ուժերը, և’ քաղաքացիական հասարակությունը: Բոլորս իրար հետ պիտի փորձենք քայլ անել դեպի առաջ: Բավական մեծ ճանապարհ ենք անցել, մենք միասին բավական շատ քայլեր ենք արել և արժե, որ մենք ևս մեկ անգամ մեր կամքը ներդնենք` ավելի առաջ գնալու համար»:
Մանրամասները՝ տեսանյութում:










































