Թամերլան Ցարնաևը՝ Բոստոնի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը, տարվել է սպիտակ ռասային մեծարող գրականությամբ: Այս մասին գրում է BBC News-ը, որի լրագրողները շփվել են սպանվածի ընկերների հետ:
Կարդալով այդ գրքերը՝ Ցարնաև-Ավագն ակնարկել է, որ «Հիտլերը ճիշտ է եղել»՝ նշում է պարբերականը: Թե հատկապես ինչ գրականություն է կարդացել ենթադրյալ ահաբեկիչը՝ BBC News-ը չի նշում:
Լրագրողներին հաջողվել է պարզել, որ Ցարնաևը կարդացել է նաև զանգվածային սպանությունների մասին: Մասնավորապես, նրան հետաքրքրել են հանցագործների դրդապատճառները:
Բացի այդ՝ նրան դուր են եկել այն հոդվածները, որոնցում պնդվում էր, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ու 1995թ. Օկլահոմայի պայթյունի հետևում կանգնած են ամերիկյան հատուկ ծառայությունները:
Բացի այդ՝ նա ուսումնասիրել է նյութեր այն մասին, թե ինչպես են ամերիկյան անօդաչու թռչող սարքերը սպանում խաղաղ քաղաքացիներին, և Գուանտանամոյի բանտարկյալների մասին:








































