Սննդի արդյունաբերության ոլորտի ճապոնացի մասնագետները աճեցրել են սոխի նոր տեսակ, որը կտրելիս արցունք չի առաջացնում։ Նրանք այդ կերպ լուծել են փոքր, սակայն չափազանց տհաճ կենցաղային խնդիրներից մեկը, որը մշտապես անհանգստություն է պատճառում։ Ինչպես հայտնում է «Հոկայդո սիմբուն» թերթը, «անարցունք» սոխերը Ճապոնիայի խանութներում կհայտնվեն արդեն այս աշնանը։
Սովորական սոխը կտրելիս տեղի է ունենում նրա բջիջների ամբողջականության խախտում, ինչը հանգեցնում է ծծմբային գազի արտանետման։ Այն, հայտնվելով աչքի լորձաթաղանթում, առաջացնում է արցունք։ Ճապոնացի գիտնականներին հաջողվել է աճեցնել բույս, որը գրեթե նման գազ չի արձակում։ Դա հաջողվել է 20 տարի տևած փորձերից հետո։
Երկու գլուխ սոխը կարժենա 4.3 դոլար, ինչը կրկնակի թանկ է սովորական սոխի գնից։ Այս տարի ծրագրվում է վաճառել մոտ 10 տոննա «անարցունք» սոխ, իսկ 2019-ին արդեն՝ 1000 տոննա։








































