Վրացական Apsny.ge կայքի փոխանցմամբ, Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Վրացական կուսակցությունն» այսօր բողոքի ակցիա է անցկացնելու Թբիլիսիում գտնվող ԱՄՆ դեսպանատան առջև:
«Վրացական կուսակցությունը» ԱՄՆ վարչակազմից պահանջելու է դադարեցնել Սաակաշվիլիի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը:
Կուսակցության գլխավոր քարտուղար Կիցմիրաշվիլին հայտարարել է. «Վրաստանն ինքնիշխան պետություն է, և ոչ մի երկիր իրավունք չունի միջամտելու նրա գործերին ու կոպտորեն ոտնահարելու նրա շահերը: ԱՄՆ վարչակազմը շարունակում է աջակցել Սաակաշվիլիի ռեժիմին այն պայմաններում, երբ չեն իրագործվում վրաց-ամերիկյան խարտիայի պայմանները, երբ կեղծվում են ընտրությունները, բիզնեսն ու բնակչությունն ահաբեկչության են ենթարկվում իշխանությունների կողմից:
ԱՄՆ-ը անգամ չընդդիմացավ նրան, որ Վրաստանն արկածախնդիր պատերազմ չսանձազերծի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Օքրուաշվիլին հայտարարել էր, որ ռուսները խլում են իրենց տարածքները, իսկ ամերիկացիները՝ իրենց ազատությունը:
Ի դեպ, մարտի վերջին Վրաստանի Լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին նույնպես հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը զբաղված է Սաակաշվիլիի օգտին լոբբինգ իրականացնելով: