Ամառային զորակոչի մեկնարկին զուգահեռ՝ Գեղարքունիքի մարզում զինծառայողների ընտանիքները սկսել են շուքով դիմավորել նաեւ զինծառայությունից զորացրված իրենց զավակներին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի զորակոչային նախապատրաստության բաժնից, բոլոր ընտանիքներն իրենց զինծառայող զավակներին դիմավորում են քեֆերով ու բազմամարդ տոնախմբություններով, մեծարանքի արժանացնում Հայոց բանակի շարքերում իրենց պարտականությունները նվիրաբար կատարած զինվորներին:
Ի տարբերություն շատ ընտանիքների, Լանջաղբյուր գյուղից Արսեն եւ Գայանե Մարգարյանների ընտանիքում կրկնակի տոն է ստացվել, քանի որ նրանք ողջ-առողջ ու փառքով են ընդունել իրենց երկվորյակ զորացրված տղաներին՝ Վանիկին եւ Ներսիկին:
«Եղբայրները Հայոց բանակի տանկիստներ են, որոնց ծառայությունն անցել է Արցախում, իսկ Ապրիլյան քառօրյա պատերազմին ու նրանց հաջորդած օրերին նրանց տանկային գումարտակը գտնվել է Ասկերանի Խրամորթ գյուղի մոտ: Արսենն ու Գայանեն ծանր ապրումների մեջ էին պատերազմի օրերին, իսկ հիմա նրանց ու հարազատների, մեր ողջ գյուղի համար ցնծալի տոն է, քեֆ-ուրախության մեջ ենք»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է Լանջաղբյուրի գյուղապետ Յուրիկ Բաղդասարյանը:
Ոգեւորված, բարձր տրամադրության մեջ են նաեւ տուն վերադարձած զինծառայողները:
«Մենք եղբայրներով հիմա արդեն մտածում ենք աշխատանք գտնելու, մեր ծնողներին օգտակար լինելու մասին: Մեր ծառայության վայրը, մեր ընկերներին կկարոտենք, նրանց մեկ-մեկ այցի կգնանք, սակայն երբ հայրենիքին վտանգ սպառնա, մենք նորից կգտնվենք նրա պաշտպանության դիրքերում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայոց բանակի արդեն նախկին տանկիստ Վ անիկ Մարգարյանը:






































