Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանը կարող է շարունակել իր «և-և»-ի քաղաքականությունը դեպի Ռուսաստան և Արևմուտք:
Արտակ Դավթյանն ասաց, որ մեր հանրության շրջանում կա այն մտայնությունը, որ եթե ասում են Եվրասիական միություն կամ որոշակի համագործակցություն այդ միության հետ, ապա դա բացառում է ԵՄ-ի հետ համագործակցության որոշակի սխեմաներ: Սակայն, ըստ բանախոսի, քաղաքականությունը և դիվանագիտությունը նրա համար չեն, ինչն աքսիոմատիկ ճշամարտություն է, այլ՝ հնարավորությունների և անհնարինի արվեստ: «ՌԴ-ն և Արևմուտքը համագործակցում են գլոբալ անվտանգության պահպանության հարցերում, ապա ինչո՞ւ չի կարելի դրանից ավելի ածանցյալ հարցերում ևս համագործակցել: Ինչո՞ւ ունենալով հրաշալի հարաբերություններ ԵՄ անդամ երկրների հետ՝ Հայաստանը չի կարող իր ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների խորացման ճանապարհով շարժվել: Առաջիկայում երևի թե խնդիրների ճիշտ լուծումը պետք է գտնել այս հարթությունում, ուստի «և-և»-ի քաղաքականությունն աշխարհին ընկալելի քաղաքականություն է և կնպաստի գլոբալ անվտանգության ապահովմանը»,- մեկնաբանեց Արտակ Դավթյանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում«Ազատ դեմոկրատներ» կոսւակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց, որ «և-և»-ի քաղաքականությունը հնարավոր է այն պարագայում, երբ աշխարհների միջև չկա հստակ սահմանազատում, իսկ միջազգային օրակարգն ակնհայտ ցույց է տալիս, որ այդ օրակարգի մեջ արժեհամակարգով, տնտեսության ձևերով են բաժանված երկրները, մի երկիրը դոնոր է, մյուսը՝ տեխնոլոգիայի առաջատար։ ԵՄ-ն, ըստ նրա, առաջատար մեխանիզմների լիդեր է, Եվրասիական միությունը՝ դոնոր, որը սպասարկում է ինովացիոն տեխնոլոգիաները, տալիս է երբեմն աշխատուժ, իսկ ՀՀ-ն չի կարող որևէ համակարգում դառնալ ինովացիոն առաջատար, «և-և»-ի քաղաքականությունը սահմանափակում է գլոբալ շուկա մտնելու հնարավորությունը: «Ինտեգրվելով Եվրասիական միությանը՝ մենք դառնում ենք Եվրասիական միության դոնոր»,- նկատեց Անուշ Սեդրակյանը:
Ի պատասխան՝ Արտակ Դավթյանն ասաց, որ համամիտ չէ Անուշ Սեդրակյանի ներկայացրած փաստարկներին:
«Ձեր ասածը պետք է տեսնել ոչ թե հակադրությունների, այլ միասնականության մեջ: Արևմտյան երկրները տեխնոլոգիապես առաջատար են, բայց առանց էներգետիկ ռեսուրսների ոչինչ են, որքան էլ ուզում ենք խոսենք գաղափարի, տեխնոլոգիաների առաջնայնության մասին: Կա «համաշխարհային շուկա» հասկացությունը, էներգառեսուրսների տասը տոկոսը ՌԴ-ն է ապահովում: Պատկերացրեք, եթե դա չկա, էլ չեմ խոսում մնացած բնական ռեսուրսները… այսօրվա համաշխարհային տնտեսությունը չէր լինի, ուստի այս ամենը պետք է ամբողջության մեջ տեսնել: Ես ասում եմ, որ միասնության մեջ տեսնելով՝ մենք պետք է հետևություններ անենք և քայլեր կատարենք»,- ասաց Արտակ Դավթյանը:
Արձագանքելով՝ «Ազատ դեմոկրատներ» կոսւակցության փոխնախագահն ասաց, որ այդ միասնության մեջ գործելով՝ Հայաստանը դեռ սուվերեն երկիր է։ Քանի դեռ չի կատարել իր հերթական ընտրությունը, դեռ սուվերենության մեջ կարող է լինել միասնական ճակատում, սակայն Ռուսաստանը խոսում է վառելիքային, զենքային դագանակով: «Եվրասիական միության տնտեսական խորհրդում քսանմեկուկես տոկոս ձայն ունի Բելառուսը, նույնքան՝ Ղրղզստանը և մնացածը՝ Ռուսաստանը, իսկ Հայաստա՞նն ինչ ձայն է ունենալու, իսկ անդամակցության և համագործակցության դաշտը մտադրությունների պրոտոկոլ է: Երբ վասալական հոգեբանության մեջ փորձում ենք ռուսներից ռուս լինել, իմպերիալիստից՝ իմպերիալիստ, մեզ կբերի տոտալ խզման: Երբ խոսում ենք տնտեսական համագործակցության մասին, ապա պետք է ասել, որ տնտեսապես համագործակցում են սուվերեն երկրները, անդամակցությունն իր հետ բերում է արժեհամակարգ, ցայսօր այն արժեհամակարգը, որը բերում է ՀՀ բաժանմանը, մինի ձևով մենք ունենում ենք ՀՀ բաժանումը: Ինչպե՞ս է ստացվում, որ մեկ ուղղություն ընտրելու տարբերակ չունի Հայաստանը և միշտ ընտրում է իմպերիական ուղղությունը, որովհետև Հայաստանն իմպերիական դաշտից դուրս չի եկել»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Արտակ Դավթյանի կարծիքով՝ Անուշ Սեդրակյանը շատ բուռն է արձագանքում:






































