Բելգիացի և ֆրանսիացի ոստիկանական ուժերի կողմից Բրյուսելում անցկացվում է հակաահաբեկչական հատուկ գործողություն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բեռնար Կազնևը՝ հաղորդում է Reuters-ը:
Բրյուսելում Փարիզի ահաբեկչությունների գործով գործողության ժամանակ վիրավորվել է 4 ոստիկան: Նրանցից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշվում է, որ երկու ոստիկան վիրավորվել է առաջին փոխհրաձգության ժամանակ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները խուզարկության են գնացել Բրյուսելի Ֆորե կոմունայում գտնվող տներից մեկը: Այնուհետև հայտնվել են օգնական ուժեր, տեղի է ունեցել երկրորդ փոխհրաձգությունը, որի ընթացքում ևս մեկ իրավապահ է վիրավորվել: Չորրորդ վիրավորի մասին մանրամասներ չեն նշվում:
Ոստիկաններից մեկը վիրավորվել է գլխից և ականջից, նրան հիվանդանոց են հասցրել ծանր վիճակում:
«Դա հատուկ գործողության ենթատեքստում էր: Բելգիացի և ֆրանսիացի ոստիկանների թիմը հայտնվել է գնդակոծության տակ» ,-ասել է նախարարը:
Չարագործները հետապնդվում են:








































