Հայաստանում առկա բավական տխուր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ կառավարությունը նոր ռազմավարական ծրագիր է մշակել, որով նախատեսվում է բավական մատչելի պայմաններով բնակարաններով ապահովել նորաստեղծ ընտանիքներին։ Ընդ որում՝ ընտանիքները բնակարանի շահառու կդառնան առանց կանխավճարի։ Բնակարանների առավելագույն գինը սահմանվելու է 15 մլն դրամը, իսկ ամսական վճարումների չափը՝ տոկոսներով հանդերձ, կկազմի մոտ 73 հազար դրամ: Այս բնակարանների դեպքում տարեկան տոկոսադրույքը կազմելու է 12%, որի 2%-ը սուբսիդավորելու է պետությունը։
Այս նախագիծն առաջիկայում կուղարկվի ԱԺ, որտեղ քննարկումների փուլում կկատարվեն վերջին շտկումները, և ծրագիրը կհաստատվի։
«Ես վստահ եմ, որ տարիներ անց մենք կնկատենք այս ծրագրի բարենպաստ հետևանքները։ Այն անմիջականորեն կանդրադառնա ժողովրդագրական վիճակի վրա։ Խնդիրը վերաբերում է առաջին հերթին ծնող լինելուն, աշխատանք ունենալուն, զբաղված լինելուն, նաև երեխայի համար նվազագույն կենսապահովման պայմաններ ունենալուն։ Սա արվեց, քանի որ մեզ մոտ աշխատանքները հիմնականում ցածր վարձատրվող են, և բնական է, որ ծրագիրը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքին՝ ցանկացած աշխատավարձի պայմաններում բնակարան ձեռք բերել»,-ասաց սոցապնախարար Արտեմ Ասատրյանը։
Ծրագիրը, հաստատման դեպքում, կիրականացվի 5 ուղղություններով։






































