Վերջին օրերին հասարակությունն ականատես է ՀԷՑ-կառավարություն հեռահար հակամարտությանը: Նախօրեին ՀԷՑ-ն ու կառավարությունը հակադիր հայտարարություններով հանդես եկան ՀԲ-ից վերցրած 30 մլն ԱՄՆ դոլարի վարկի առթիվ:
Ինչպես հայտնի է, օրերս կառավարությունը հաստատեց «Էներգետիկայի ոլորտի ընկերությունների ֆինանսական առողջացման» ծրագիրը, որով, ինչպես կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը, 30 մլն պարտք վերցրեց արտադրողներին ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար: Կառավարության նիստի ժամանակ նախարար Զախարյանն ասաց, թե Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ առաջարկվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» և «Երևանի ջերմաէլեկտրակայան» ՓԲԸ-ներին երկարաժամկետ և ցածր տոկոսով վարկային միջոցների տրամադրում, որը պայմանավորված է ՀԷՑ-ի կողմից ստացված էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումներով, ինչպես նաև «Նաիրիտ» և «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերություններին տրամադրված փոխառություններով:
Սրան ի պատասխան՝ ՀԷՑ-ը նախօրեին բավական կտրուկ հայտարարեց, որ Համաշխարհային բանկի ֆինանսավորումն ուղղված է ՀՀ էլեկտրաէներգետիկ համակարգի պետական ընկերությունների ֆինանսական այլ բաղադրիչների բարելավմանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պարտքերի հետ որևէ առնչություն չունի»: Ավելին՝ ՀԷՑ-ը խոստովանեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բոլոր նախկին պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրողների հանդեպ մարվում են միայն ընկերության սեփական միջոցների հաշվին, համապատասխան գումարը ներառված է ընկերության 01.08.2015թ. – 01.08.2016թ. գործող սակագնում: «Այսօրվա դրությամբ կա հստակ ձևավորված ժամանակացույց, որի հիման վրա մինչև 2016թ. օգոստոսի 1-ը ընկերությունն ամբողջությամբ կմարի արտադրողների հանդեպ իր նախկինում առաջացած պարտավորությունները: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ֆինանսական առողջացման նպատակով չեն ներգրավվել և չի նախատեսվում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից կամ պետական երաշխիքով»:
ՀԷՑ-կառավարություն հեռահար հակամարությունը շարունակվեց Էներգետիկայի նախարարության պատասխան հաղորդագրությամբ, որ «ՀԷՑ-ի և այլ պարտապանների կողմից չվճարումների պարագայում ընկերություններն իրենց բնականոն գործունեությունն ապահովելու համար 2013-2015թթ. ստիպված են եղել ներգրավել առևտրային վարկեր և կուտակել չվճարված պարտավորություններ, որոնք մարվում են ՀԷՑ-ի կողմից պարտքերը վճարելուն զուգընթաց, սակայն չընդգրկվելով սակագնում: Առողջացման ծրագրի շրջանակներում Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկով կմարվեն ընկերությունների առևտրային բանկերում մնացած վարկերը և «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ-ի հանդեպ պարտքի մի մասը»:
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի վաճառքի ժամանակ Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ «Տաշիր» ընկերությունների խումբը գնել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը» ՀՀ իշխանությունների խնդրանքով, որ ՀԷՑ-ը պարտքեր է ունեցել մոտ 220 միլիոն դոլարի սահմաններում և «Տաշիր Գրուպը» գնել է այդ ակտիվը, որպեսզի մարի այդ պարտքերը: Իսկ այսօր ստացվում է՝ անգամ վաճառքից հետո ՀԷՑ-ի պարտքերը վճարում է պետությունը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանի համոզմամբ՝ ՀԷՑ-ի ու կառավարության հայտարարությունների հակասության հիմքում ավելի քաղաքական ներքին խարդավանքներն են: «Սա, իմ կարծիքով, ավելի ներքին խարդավանքների և այսպես ասած՝ բոչկա գլորելու փորձ է, քաղաքական կոնյունկտուրայի դրսևորում»: Ըստ նրա՝ այդպիսով Հովիկ Աբրահամյանն ու Սամվել Կարապետյանը որոշ գործիքներով իրենց գնահատականներն են բարձրաձայնում:
«Ինչպե՞ս է, որ ՀԷՑ-ն իրեն շռայլ ծախսեր է թույլ տվել և արտադրող կայաններին հատուկ հաշվից չի վճարել, այն դեպքում, երբ պարտավոր էր առաջնահերթ այդ պարտքերը վճարել»,- մեզ հետ զրույցում հարց է բարձրացնում տնտեսագետը՝ շարունակելով. «Երկրորդ՝ եթե կառավարությունը ՀԷՑ-ի արտադրողներին ունեցած պարտքերը փակելու համար բանկից վարկ էր վերցնում 8-9 տոկոսով, ինչն էր խանգարում, որ այդ ժամանակ կառավարությունը ավելի էժան պարտք վերցներ, ինչպես հիմա Երվանդ Զախարյանն է ասում՝ 1.5 տոկոսով, թող այդ ժամանակ վերցներ, ոչ թե բանկերից 8-9 կամ 10 տոկոսով վարկ վերցնեին, ու հիմա ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն համ առևրային բանկերի վարկերի համար, համ պարտքի: Այդ առումով որևէ լուրջ հիմնավորում չեմ տեսնում»:
Ըստ տնտեսագետի՝ երբ ՀԷՑ-ի պարտքը մենք մարում ենք սակագնի թանկացման շնորհիվ, և ասվում է՝ ՀԷՑ-ի 2013-15 թվականների պարտք, դա մի քիչ անհասկանալի է. «Որովհետև 2013-15 թվականների պարտք չէր կարող լինել, քանի որ դա առանձնացված հաշվից է, և եթե այդ ընթացքում նույն ՀԷՑ-ը ձեռք է բերել բնակելի գույք, «Լեքսուս» մեքենաներ, ինչն օրենքով ստորադասվում է արտադրող կազմակերպությունների վճարումներին: Ասել է թե՝ ՀԷՑ-ը նախևառաջ արտադրող կազմակերպություններին պետք է վճարեր: Եթե այդ գնումներն իրականացվել են, նշանակում է արտադրող կայանների գումարները փոխանցվել են: Հակառակ դեպքում օրենքը թույլ չի տալիս այդ պարտքերը չփակած նման գնումներ անել»:
Ըստ Մանուկյանի՝ «30 միլիոն դոլարի վարկի մասին ՀՀ էներգետիկայի նախարարության տարածած հայտարարությունը խոր հակասության մեջ է մեր օրենսդրության հետ»: Բացի դա՝ կասկածելի է, որ ՀԲ կայքում ևս որևէ տեղեկություն չկա այդ համաձայանագրի մասին:
Նրա խոսքով` ակնհայտ է, որ կառավարության վերցրած վարկը չի բացահայտում ծախսային իրական նպատակները: «Գործարքի գինը չէր բարձրաձայնվում, և Սամվել Կարապետյանն ասում էր, որ 220 միլիոն դոլարի կարգի պարտքերն է, սակայն ինն ամսվա հաշվետվությունում նշված է, որ 25 տոկոսի համար վճարվել է 8,25 միլիոն դոլար, եթե բազմապատկենք, մոտ 33 միլիոն դոլար է լինում, բացի պարտքերը, այսինքն՝ այս գործարքի գումարը, որը ներկա դարում դժվար է ծածուկ պահել»,- ասաց տնտեսագետը:
Արտակ Մանուկյանի խոսքերով՝ վարկը վերցնում են ռազմավարության համար. «Ես կհասկանամ, որ իրենք ասեն՝ մենք վարկ ենք վերցնում այլընտրանքային էներգիան, որը սկզբնական փուլում կարող է սակագնի վրա դեպի բարձրացնող ազդեցություն ունենա, բայց հաշվի առնելով, որ օգոստոսին, ըստ էության, մենք պետք է սակագնի նվազում ակնկալենք որովհետև մենք այդ պարտքն, ըստ էության, վճարել ենք, մենք վարկ ենք վերցնում և երկարաժամկետ աճի գործոն ենք ստեղծում»:
Լուսանկարը՝ Photolure-ի







































