Քանաքեռ-Զեյթուն համայնքի 3/03 ընտրատեղամասում և ընտրատեղամասի ներսում բավականին լարված իրավիճակ էր:
ԲՀԿ վստահված անձը դուրս գալով ընտրատեղամասից` ընտրատեղամասի առջև նստած երկու կանանց, որոնց ձեռքին թղթեր կային, մեղադրեց մարդկանց ցուցակագրելու և ցուցակով ընտրության բերելու մեջ և նրանց հորդորեց այդտեղ չնստել: Կանացից մեկը թղթերը թաքցրեց պայուսակի մեջ, ապա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց մեղադրանքը, թե իր ձեռքին եղածը ցուցակ է: Նրանք մի քանի րոպե անց հեռացան ընտրատեղամասի մուտքի մոտից:
Ինչպես տեղեկացրեց 3/3 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Եղոյանը, կոնկրետ ընտրատեղամասում առավոտից ընտրական գործընթացը խաղաղ է ընթացել, խախտումներ չեն եղել: Նա նշեց, որ շատ ակտիվ են ԲՀԿ-ակականները: Առավոտից եղել են «ԲՀԿ անթիվ անհամար վստահված անձինք և իրենց բավական ակտիվ են պահում: Ժամանակ առ ժամանակ` բավականին անշնորհք»:
Նշենք, որ այս պահին ընտրատեղամասի մուտքի մոտ է կանգնել ԲՀԿ-ական վստահված անձը և վերահսկում է քաղաքացիների ելումուտը ընտրատեղամաս: Նա վիճաբանեց նաև ոստիկանների հետ՝ հորդորելով հեռանալ մուտքի մոտից: Երբ ոստիկանները հեռացան, նա զբաղեցրեց նրանց տեղը:




































