«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
– Ինչո՞ւ էր պետք Հայաստանում անցկացնել «Գելափ Ինթերնեշնըլ» կազմակերպության հարցումը, որի տվյալների համաձայն՝ Հայաստանի քաղաքացիների 54,4 տոկոսը ցանկանում է Հայաստանը տեսնել Ռուսաստանի կազմում:
– Թերևս ռուսական ներխուժումը հայկական իրականություն շատ ավելի սահմռկեցուցիչ և անսքող տեսք է ստանում, ամենևին պատահականություն չեմ համարում այդպիսի կեղծ հարցումներ հրամցնելը հասարակությանը: Մենք հրաշալի գիտենք հայ հասարակության ներսում առկա տրամադրությունները, մի կողմից հակված եմ հիմք ընդունել 54 տոկոսը, բայց նաև վստահ չեմ հարցում անող կազմակերպության հարցում: «Գելափ»-ի անվան տակ Հայաստանում փող աշխատելը և պատվեր կատարելը, այդ թվում նաև՝ Ռուսաստանին և Կրեմլին հաճոյանալու միջոցով, թերևս, նորություն չէ: Բավական է հիշել, թե ինչպես 2013թ. ընտրություններից առաջ նույն պատվերի շրջանակներում խաբեության մեջ գցեցին գործող իշխանությանը, թե ինքը ընտրվելու խնդիր չունի, մինչդեռ ցուցանիշներն այլ էին: «Գելափ»-ի անունը օգտագործվում է անաչառության պատրանք ստեղծելու համար, ինչպես նաև Կրեմլին ուղերձներ հղելու համար, որ գիտեք, Հայաստանը արդեն պատրաստ է վերցվելու, պահն է, կարող եք այն վերցնել:
– Ի վերջո, ցանկացած սոցհարցում փող արժե: Ովքե՞ր կարող էին լինել այսպիսի հարցման պատվիրատուները՝ օգտվելով Հայաստանում ստեղծված սոցիալական-տնտեսական իրավիճակից և հասկանալով առկա տրամադրությունները. մեր բոլոր ընտանիքները կիսված են, և մեծ մասը Ռուսաստանում է, բայց մենք երբևէ չենք համարձակվել այսպիսի հարց առաջ բերել, պաշտոնականացնել և հանրայնացնել այսպիսի խայտառակ երևույթը:
– Ես առիթ ունեցել եմ Հայաստանի կարծիքը ներկայացնելու համամոլորակային, հեղինակային հարցումներում, մասնավորապես 2007թ. աշխարհի 38 երկրներում հարցումներ էին իրականացվում «Մեծ ութնյակի» գագաթնաժողովից առաջ, և նախապատրաստվող արդյունքները ներկայացրել եմ ես: Այսինքն՝ ծանոթ եմ հարցման բոլոր նրբություններին: Պրոֆեսիոնալիզմը պահանջում է, որպեսզի հրապարակվի պատվիրատուի անունը, մեթոդաբանությունը, ընտրանքի սկզբունքները, հարցաթերթիկը: Որևէ մեկը չպետք է կասկած ունենա՝ դա բա՞ց հարց է եղել, փա՞կ հարց է եղել, իսկ միգուցե հարցվարներն ա՞յլ կերպ են մատուցել:
– Ես ուզում էի, որ Դուք անդրադառնայիք ընտրանքին: Այլ երկրի միանալու հետ կապված հարց ինչո՞ւ չի տրվել:
– Բաց հարցերի տեսքով միգուցե, օրինակ, հարց լիներ՝ ուզո՞ւմ եք միանալ Ֆրանսիային, Անգլիային, ԱՄՆ-ին: Այդ մատրիցայում ընդամենը մեկ փոփոխությունը կարող էր փոխել ամբողջ պատկերը: Արդեն քանի օր է՝ սոցցանցերում քննարկումներ են ծավալվում, և այդ կազմակերպությունը խուսափում է տալ բոլոր առկա հարցերի պատասխանները:
Հարցման արդյունքների մատուցման, նաև դրա հետ կապված կարևոր դետալների, ինչպիսիք են՝ ընտրանքի, հարցաթերթիկի և մնացած մանրամասների վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը, թույլ է տալիս ասելու, որ մենք գործ ունենք քարոզչական մի հնարքի հետ, որը իրականացվում է ինչ-որ մի կազմակեպության միջոցով՝ ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության և ուղղակի խայտառակ վտանգելով մեր անվտանգությունը:
Հասարակությունը պետքէ իմանա, որ Շվեյցարիայում գրանցված «Գելափ»-ը որևէ կապ չունի ամերիկյան հայտնի և հեղինակավոր «Գելափ»-ի հետ:
– Եվ այդ երկուսից և ոչ մեկը որևէ կապ չունի Հայաստանում այս հարցումն իրականացրած «Գելափ»-ի հետ:
– Ես գրեթե դրանում էլ վստահ եմ: Նախ՝ իսկական «Գելափ»-ը բացարձակապես հետաքրքրություն չունի Հայաստանում հարցումներ անցկացնելու: Մենք նույնիսկ մեր կարևորությունը տեսնում ենք միջազգային մամուլում և կարող ենք ենթադրել՝ որքանով է կարևոր օվկիանոսը կտրել, գալ հասնել այստեղ և հարցումներ անցկացնել կամ աշխատել մի կազմակերպության հետ, որը պիտի պահի այն բարձր նշաձողը, ինչը որ բնորոշ է իրական «Գելափ»-ին:
Երկրորդ՝ ես կարծում եմ, որ այլևս գաղտնիք չէ, որ մի շարք եվրոպական երկրներում թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը, թե՛ նաև այլ ավտորիտար երկրներ գրանցել են կեղծ կազմակերպություններ, օրինակ՝ բավականին խոսուն էր Ստրասբուրգում Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից գրանցված կազմակերպությունը, որը պատրանք էր ստեղծում իբրև թե զբաղվում է մարդու իրավունքներով, զեկույցներ էր հրապարակում, սկսել էր քննադատել Եվրամիության երկրներին, որ նրանք մարդու իրավունքները խախտում են: Հետագայում գերմանացու հետ սկանդալային պատմությունը, ով իրականում փաստացի ղեկավարում էր հենց դրա գրասենյակները, պարզ դարձավ, որ հսկայական միջոցներ են տրամադրում այդ երկրներից, որպեսզի այնտեղ գրանցեն նման կազմակերպություններ և իրականացնեն այդպիսի գործունեություն: Սա օֆշորային կազմակերպության նման մի բան է, որ ուղղակի գրանցված ինչ-որ կազմակերպությունների մեզ մոտ բերում են ինչ-որ եվրոպական ճանապարհներով, բայց իրականում դրա բովանդակությունը չի փոխվում:
Իրականում դրա պատվիրատուն Ռուսաստանն է: Պատահական չէ, որ սա տեղի է ունենում մի շրջանում, երբ դրանից բառացիորեն մի փոքր առաջ Հայաստան են գալիս ծագումով հայ գործիչներ, ինչպիսիք են՝ Անդրանիկ Նիկողոսյանը, Ռոբերտ Ահարոնյանը, ովքեր գրեթե նույնատիպ կարծիքներ են հնչեցնում, որ Հայաստանը պետք է դառնա Ռուսաստանի մի գավառ և մաս: Եվ Հայաստան է ներխուժում ռուսական կապիտալը արդեն հայկական ազգանունների տակ՝ ձեռք բերելով ՀԷՑ-ը, Արա Աբրահամյանի շուրթերով հայտարարվում է կուսակցություն ստեղծելու մասին:
Այս բոլորը, թերևս, վկայություն են այն մասին, որ մեր հասարակությունը պետք է դրա մասին շատ շիտակ իմանա, պետք է ազնվորեն ասեն ուղղակի, որ փաստացի ամենևին նպատակ չի եղել, որ Հայաստանը շահի ԵՏՄ-ի տնտեսական բարիքներից, օգուտներից, ինտեգրացիաներից: Նպատակը ուղղակի Հայաստանը խեղդելն է, պատժելն է, ոչնչացնելն է որպես պետություն, դարձնել սոսկ տարածք, որի հետ կվարվեն այնպես, ինչպես ցանկանում են: Եվ ես միանգամայն համակարծիք եմ այն գնահատականների հետ, որ շատ լրջորեն պետք է զբաղվել և հայտնաբերել հարցում իրականացրած կազմակերպությանը և պատասխանատվության ենթարկել նման անպատասխանատվության և օտար երկրների շահեր սպասարկելու համար: Ազդեցության գործակալ լինելն այլ բան է, երբ մարդը գտնում է, որ Հայաստանը պետք է լինի այս կամ այն երկրի հետ, բայց սա, ես համամիտ եմ, որ ուղղակի ռուսական ԿԳԲ-ական ցանց է, որը գործում է այլ անվանումների տակ, որոնք մի ճակատով առաջ են գալիս դեպի Հայաստան և փորձում են կլանել այն:
– Երեկ Փարիզում տեղի ունեցավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի պատրաստած զեկույցը, որն ունի հետևյալ անվանումը «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում»: Այս բանաձևը, փաստորեն, հանձնաժողովում անցել է, և մեր ունեցած տեղեկություններով՝ այս հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ուղղակի ապշել է այն ադրբեջանամետ տրամադրություններից, որ առկա են եղել այնտեղ, և ասել է. «Խնդրում եմ ինձ Միլլի մեջլիսից վերադարձրեք Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով», որովհետև նախապես ադրբեջանամետ շեշտադրումներով զեկույցին ավելացել են նոր ադրբեջանամետ գնահատականներ և կետեր, որոնք ուղղակի հայկական պատվիրակությանը ապշեցրել են:
– Ես առիթ ունեցել եմ ափսոսանք հայտնելու, որ այն շրջանում, երբ Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերությունները շատ վատ էին, Հայաստանը չկարողացավ դրանից օգուտ քաղել: Դրանք ամենալավ շրջաններն են այդպիսի հեղինակավոր կառույցներում հայանպաստ, Ղարաբաղի օգտին ձևակերպումներ և զեկույցներ ընդունելու: Մենք՝ բոլորս, գիտենք, որ դա ներկայացուցչական մարմին է և ոչինչ չի որոշում, բայց, թերևս, քաղաքական կապիտալի առումով և որպես հետևողական գիծ, որ հետագայում կպարտավորեցվեր այդ կառույցներին, դա անհրաժեշտ էր: Պատահական չէ, որ Ադրբեջանն ասում է՝ 2004-05թթ. դուք բանաձև եք ընդունել, կրկնե՛ք, թարմացրե՛ք այն: Նա ուղղակի պարտավորեցնում է ԵԽԽՎ-ին դա անել, որովհետև արդեն կա նախադեպ:
– Եվ սա ընդամենը օրեր առաջ խայտառակ խորհրդարանական ընտրություններից հետո:
– Այո՛, երբ նույն Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներին արգելվեց մուտք գործել Ադրբեջանի տարածք:
– Բայց Ադրբեջանի խորհրդարանականներին հաջողվեց այսպիսի բանաձև:
– Ամեն ինչը պետք է ճիշտ ժամանակին կանխվի և թույլ չտրվի հասնել այնպիսի վիճակի, որպեսզի քեզ չզգաս Ադրբեջանի Միլլի մեջլիսում: Իհարկե, Եվրոպայում էլ կան ձայներ, որ Ադրբեջանին պետք չէ պատժել, պետք է գրավել, գայթակղել՝ դեպի Եվրոպա նորից քաշելու համար:
– Որովհետև պատիժը կարող է ավելի լուրջ հետևանքներ ստեղծել տարածաշրջանային անկայունության համար:
– Ես չգիտեմ՝ մերոնք ինչպես են բացատրել սրա հետևանքները, օրինակ, նույն տարածաշրջանային անվտանգության առումով, բայց ես իմ համեստ փորձից պիտի վերհիշեմ, թե ինչպես վրաց-ռուսական պատերազմի շրջանում երկու անգամ ինձ հաջողվեց թույլ չտալ, որպեսզի ՆԱՏՕ-ում բանաձև ընդունվի: Ադրբեջանական կողմը շատ ուժեղ աշխատում էր, և նույնիսկ մենք քվեարկելու իրավունք չունեինք, մենք միայն ելույթներ էինք ունենում, բայց արեցինք դա: Այդ շրջանում, երբ թելադրող էր աբխազական և օսեթական կոնֆլիկտը, որում ՆԱՏՕ-ն հստակ դիրքորոշում ուներ, և Ադրբեջանն ուզում էր օգտվել այդ առիթից, մենք թույլ չտվեցինք դա անել: Շատ հետաքրքրում է, թե, ի վերջո, արդյո՞ք խորհրդարանական դիվանագիտություն կարելի է կոչել մի բան, երբ ուղղակի այստեղ՝ Երևանում պատրաստված ելույթները տարվում և ընթերցվում են այնտեղ և ուղարկվում են այստեղի մամուլ:
– Առանց տեղում իրավիճակները հաշվի առնելու և շտկումներ անելու:
– Դա էլ մի կողմ թողնենք: Նույնիսկ այդ ելույթները կարող են չընթերցվել, որովհետև կանոնակարգը թույլ է տալիս դրանք ուղղակի կցել սղագրությանը և միայն հայտարարություն անել:
– Վերջերս, օրինակ, Հայաստանի պատվիրակության ղեկավարի՝ Հերմինե Նաղդալյանի ելույթի ընթացքում ծափեր էին հնչել և թույլ չէին տվել, որ նրա ռուսերեն ելույթը հնչեր:
– Ես ցավ եմ ապրում: Այս խորհրդարանում չկան նախկին մարդիկ, ովքեր մեծ փորձ ունեին և ապացուցել էին դա: Ես չեմ ուզում անուններ տալ: Ձևը բովանդակությունից գերադասելը, որ ուղղակի այդ ամբիոններից ինչ-որ հայտարարություններ են հնչում, որոնք հետևանքներ չեն ունենում, պետք է բերեր այսպիսի հետևանքների: Այս գումարման խորհրդարանում հնարավոր դարձավ Հայաստանի դեմ և Արցախի դեմ բանաձևի ընդունումը: Այսպիսի բան համենայնդեպս նախորդ գումարման խորհրդարանում չի եղել: Մենք անգամ իշխող կուսակցությանը «խեղդած» էինք պահում, երբ նույնիսկ երկիմաստ արտահայտությունների տեղ էին թողնվում որոշ բանաձևերում: Խորհրդարանական դիվանագիտությունն աշխատում էր: Իսկ այս խորհրդարանի դեպքում ուղղակի անպատկերացնելի է:
Դե ի՞նչ պահանջես մի խորհրդարանից, որի անդամներից մեկը խնդրում է Մատվիենկոյին, որպեսզի Պուտինը գա և մեր իշխանություններին ասի, որ պետք չէ Սահմանադրություն փոխել: Այդպիսի պատվիրակից առանձնապես մեծ սպասումներ ունենալ պետք չէ: Կլինես անկախ պատգամավոր, ընդդիմադիր, թե իշխանամետ, հարցը մեկն է՝ թույլ չտալ Հայաստանի դիրքերի թուլություն: Այնտեղ սպասես, որ Հայաստանը պիտի պարտվի, և գաս ուղղակի դիվիդենտներ հավաքես իշխանության վրա, դա օգտագործես ներքին մրցակցությունում, դա իմը չի եղել, և ես դա, մեծ հաշվով, համարում եմ անբարոյականություն: Ի վերջո, Հայաստանի քաղաքացուն պետք է ամրապնդված անվտանգություն:
– Եվ միամիտ են բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ այսպիսի բանաձևերը չեն թուլացնում Հայաստանի անվտանգությունը:
– Դրանք որպես թղթեր Ադրբեջանն օգտագործում է՝ լեգիտիմացնելու իր ռազմական սադրանքները: Կոպիտ ասած՝ նա ասում է՝ դուք չեք ասել, որ դրանք իմ հողերն են, ես էլ դրա համար վերցնում եմ:
-Տարիներ առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ընդհանրապես ասում էր, որ այս հակամարտությունում անելիք չունեն, այս հակամարտությամբ զբաղվում է Մինսկի խմբի համանախագահությունը: Ինչը այսօր Ադրբեջանն ուղղակի մերժում է, և Իլհամ Ալիևը տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոխելու պահանջ է արդեն ներկայացնում:
Մինչև 2008թ. մենք ոչ մի ներկայացուցչություն չունեինք Եվրոպական խորհրդարանում, ընդունվեց մի բանաձև, և երբ խոսք էր գնում, ես անընդմեջ այդ բանաձևն օրինակ էի բերում, ասում էի՝ ովքեր Հայաստանը տեսնում են եվրոպական չափանիշներով պետություն, եվրոպական ստանդարտներին համապատասխանող պետություն, դուք դրանց վանում եք, ձեր տվածն ավելի է հեռացնում Հայաստանը եվրոպական մոդելի երկրից: Եվ շատերը հենց այդ նուրբ հանգամանքները հաշվի առնելով խուսափում էին գնահատականներ տալուց, միջամտելուց՝ չուզենալով Հայաստանը կորցնել: Հիմա չգիտեմ՝ ով ինչ է խոսում, խոսում են, չեն խոսում, խորհրդարանական դիվանագիտությունը իջել է անպատկերացնելի նշաձողի, և թերևս արդյունքներն էլ իրենց զգացնել են տալիս:










































