Ֆինլանդիայի ոստիկանությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը սխալմամբ ներառել է հետախուզվող հանցագործների ցուցակում՝ հաղորդում է Associated Press-ը: Գործակալության փոխանցմամբ՝ տեսականորեն նման ցուցակում ներառվելու պատճառով Պուտինին կարող էին ձերբակալել Ֆինլանդիայի սահմանում:
Ֆինլանդիայի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Ռոբին Կարդոթը գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուս նախագահի անունը ցուցակում սխալմամբ է հայտնվել և արդեն ջնջվել է:
«Մենք անցկացնում ենք միջադեպի հետաքննություն և անպայման կպարզենք, թե ինչպես է այս սխալ գրառումը ներառվել ռեեստր»,- ասել է նա՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններից:
Ֆինլանդիայի ՆԳ նախարար Փյաիվի Ռյասյանենը ներողություն է խնդրել Պուտինից այս միջադեպի կապակցությամբ: Ֆինլանդիայի ոստիկանության տարածած պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ցուցակում, որտեղ հայտնվել է Պուտինը, ներառված են այն մարդկանց անունները, որոնք կասկածվում են հանցագործություններ կատարելու, թմրանյութերի անօրինական կիրառման մեջ:
MTV3 ֆիննական հեռուստաալիքն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահի անունը հանցագործների ցուցակում սխալմամբ չի հայտնվել, այլ այն պատճառով, որ Պուտինը շփվում է «Գիշերային գայլեր» բայքերյան ակումբի հետ: Դրա հետ մեկտեղ հեռուստաալիքը պնդում է, որ խոսքը գաղտնի ցուցակի մասին է, որը հասանելի է իրավապահ մարմինների սահմանափակ թվով ղեկավարների:
Ռուսական կողմը որևէ մեկնաբանություն չի տվել:








































