Ապրիլի 10-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի արտգործնախարարության խորհրդարանական քարտուղար Դիպակ Օբրային:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Դիպակ Օբրայը նշել է, որ ուրախ է ներկայացնել Կանադան ՀՀ Նախագահի երդմնակալության արարողությանը և խնդրել ՀՀ Նախագահին փոխանցել Կանադայի վարչապետի շնորհավորանքներն ու ուղերձը։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանն, ընդգծել է, որ չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանը և Կանադան ակտիվորեն համագործակցում են թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերում ու վերջին շրջանում նկատվող շփումների ինտենսիվությունը լավ հիմք է ստեղծում հարաբերությունների առավել զարգացման համար:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Կանադայի խորհրդարաններում միջխորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը, որոնք լրացուցիչ լիցք են հաղորդում երկկողմ համագործակցությանը:
Էդվարդ Նալբանդյան ու Դիպակ Օբրայը քննարկել են հայ-կանադական օրակարգային հարցեր, մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:










































