«Քաղաքացիական ավիացիայի ոլորտը շատ փակ է, բայց դա չպետք է այդպես գաղտնի լինի, դա հո ռազմական ավիացիա չէ՞»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Նա հիշեցրեց, որ Սոչիում հայկական ինքնաթիռի վթարից հետո երբ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, իսկ այդ օդանավի սև արկղերն այդպես էլ չվերծանվեցին:
Ըստ Շ. Պետրոսյանի՝ երբ հայկական ավիացիան հանձնվեց Միխայիլ Բաղդասարովին, և ոլորտում տեղի ունեցան կառուցվածքային փոփոխություններ, օդանավերի անվտանգության առումով իրավիճակը խնդրահարույց դարձավ, քանի որ ինքնաթիռների ստուգման համար «Արմավիան» անհրաժեշտ նյութատեխնիկական բազա չուներ և օդանավերը ստուգման էր ուղարկում արտերկիր, որտեղից էլ իրականում միայն փաստաթղթային ձևակերպումներ էր ստանում:
Շ. Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, որ «Արմավիան» սնանկացման են տանում, ոչնչանում է մի ամբողջ ոլորտ, որի հետ աշխատող մյուս ձեռնարկություններն էլ են խնդիրների առջև կանգնելու, իսկ պետությունը լռում է:
«Էական չէ՝ «Արմավիայի» սնանկացումը արհեստական է, արհեստական չէ, հարցն այն է, թե ինչո՞ւ է իշխանությունը լռում այդ մասին»,- ասաց Շ. Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ «Արմավիայում» աուդիտ անցկացնելու նախաձեռնությունը պետք է ստանձնի Քաղավիացիայի գլխավոր վարչությունը և միջազգային որևէ կազմակերպության հրավիրի դրա համար:








































