Երեկ ԲՀԿ Կենտրոն թիվ 9 տարածքային կազմակերպության խորհրդի նիստը որոշում է կայացրել դիմելու կուսակցության քաղխորհրդին հաստատելու իր որոշումը, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Էլինար Վարդանյանի կուսակցական լիազորությունները դադարեցնելու մասին:
Նիստին մասնակցել են տարածքային կազմակերպության խորհրդի 15 անդամներից 11-ը, այդ թվում և՝ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ Միքայել Մելքումյանը և Վահե Էնֆիաջյանը:
Ներկաները միաձայն կողմ են քվեարկել այս որոշմանը: Մնում է, որ ԲՀԿ քաղխորհուրդը առաջիկայում նիստ հրավիրի և հաստատի որոշումը, որից հետո Էլինար Վարդանյանը այլևս կդադարի լինել ԲՀԿ անդամ: ԲՀԿ կանոնադրությամբ տարածքային կազմակերպությունը իրավասու չէ ինքնուրույն կուսակցության անդամին կուսակցությունից հեռացնելու որոշում կայացնել:
Էլինար Վարդանյանը իր հարցով հրավիրված նիստին չի մասնակցել, ԲՀԿ անդամները պնդում են, որ նրան հնարավոր չի եղել գտնել: Թեև ԲՀԿ-ում ասում են, որ այս հեռացումը կապ չունի կուսակցության որոշումը արհամարհելու և Սահմանադրության նախագծին կողմ չքվեարկելու հետ, որ Էլինար Վարդանյանի բացակայությունը ԱԺ նիստից հարգելի է համարվել, սակայն դրան մի քիչ դժվար է հավատալ: Վարդանյանի հեռացումը ուղղակի կապ ունի ինչպես քվեարկությունից նրա բացակայության, և Սահմանադրության նախագծին դեմ արտահայտվելու, այնպես էլ նախորդ օրը Ռոբերտ Քոչարյանի տված հարցազրույցի հետ:
Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը և Վարդան Օսկանյանը չմասնակցեցին ԱԺ նիստին, քանի որ դեմ էին Սահմանադրության ներկայացված նախագծին: Նրանք դեմ էին այդ նախագծին, որովհետև գիտեին, որ այդ նախագծին դեմ է նաև Ռոբերտ Քոչարյանը, և նիստին չմասնակցելով՝ իրենց զորակցությունը հայտնեցին Ռոբերտ Քոչարյանին, ցույց տալով, որ կիսում են նրա տեսակետը:
Թույլ տալ, որ Էլինար Վարդանյանը շարունակի մնալ ԲՀԿ-ում՝ կնշանակեր, որ ԲՀԿ-ն շարունակում է մնալ քոչարյանական կուսակցություն: Հենց այդ պատճառով ԲՀԿ-ն շտապեց ազատվել Էլինար Վարդանյանից՝ դրանով տարանջատվելով Քոչարյանից, չնայած տարանջատվել էր Սահմանադրության նախագծին կողմ քվեարկելով: Բայց եթե Էլինար Վարդանյանը շարունակեր մնալ ԲՀԿ-ում, կնշանակեր, որ կուսակցությունը հանդուրժողական է նման դրսևորումների նկատմամբ: Հօգուտ Քոչարյանի արտահայտված Հայկ Խաչատրյանին չհեռացրեցին ԲՀԿ-ից, որովհետև նրա մասին ասում են, որ վատ ազդեցության՝ քոչարյանականների տակ է ընկել, և որոշ մարդիկ երաշխավորել են, որ Խաչատրյանը դարձի կգա:
Բայց միայն Էլինար Վարդանյանին հեռացնելով՝ հարցը չի փակվելու: Ապագայում, երբ իշխանության և Քոչարյանի դիմակայությունը մեծանա, ԲՀԿ-ն պարտավորված է լինելու բացահայտ հանդես գալ Քոչարյանի դեմ՝ ապացուցելու, որ ինքը ոչ մի կապ չունի Քոչարյանի հետ, այլ ընդհակառակը՝ միացել է հակաքոչարյանական ճամբարին, այդ ճամբարի ամենաակտիվ անդամներից է: ԲՀԿ անդամները ուղղակի ՀՀԿ-ականների հետ հավասար պետք է հանդես գան հակաքոչարյանական դիրքերից՝ դեմ արտահայտվելով Քոչարյանի վերադարձին:
Ինչ վերաբերում է Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայկական պատվիրակություններից հեռացնելուն, ապա դա նրանց համար այնքան էլ մեծ հարված չէ: Ավելի մեծ հարված կլինի, եթե ԲՀԿ-ն որոշում կայացնի նրանց հեռացնելու հանձնաժողովի նախագահի պաշտոններից, որոնք նրանք զբաղեցնում են ԲՀԿ քվոտայով: ԲՀԿ-ականներն ասում են, որ իրենք հետևելու են, թե ինչ վարքագիծ կդրսևորեն Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը, և եթե նրանք շարունակեն բոյկոտել խմբակցության նիստերը, ապա կուսակցությունը կարող է նրանց հետ կանչել իրենց այդ պաշտոններից ևս: Դա, իհարկե, ԲՀԿ-ի համար տհաճ արարողակարգ կլինի, քանի որ ստիպված են լինելու փակ գաղտնի քվարկությամբ նրանց հետ կանչել այդ պաշտոններից, սակայն ԲՀԿ-ին այլ ելք չի մնալու: Այդ հանձնաժողովների նախագահների պաշտոնները ԲՀԿ-ին բաժին են հասել Դոնթի բանաձևով, և եթե ԲՀԿ-ն տեր չկանգնի իր ունեցածին, ապա ավելի վատ վիճակում կհայտնվի:











































