Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգը տարածել է մի լուսանկար, որում Բարաք Օբաման դիտում է Ադրբեջանում կալանավորված լրագրողուհի Խադիջա Իսմայիլովայի լուսանկարով տախտակյա վահանակը։
Խադիջա Իսմայիլովան ընդգրկվել է Free 20 արշավում, որը կոչ է անում ազատել աշխարհի տարբեր երկրներում կալանավորված 20 կանանց։ Խոսքը վանդակաճաղերից այն կողմ գտնվող կին լրագրողների, իրավապաշտպանների ու քաղաքացիական ակտիվիստների մասին է։
ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունն ամեն օր հրապարակել է քաղբանտարկյալների լուսանկարները։ Բոլոր 20 լուսանկարները ՄԱԿ ԳԱ-ի տարեկան նստաշրջանի ժամանակ հավաքված են եղել մեծ վահանակի վրա, որի առջև էլ կանգնել է Օբաման և, ամենայն հավանականությամբ, հայացքը հառել Խադիջա Իսմայիլովայի լուսանկարին։
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվել էր, որ Free 20 արշավն առնչվում է նաև Ադրբեջանում տևական ժամկետով ազատազրկման դատապարտված իրավապաշտպան Լեյլա Յունուսին։











































