Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որում ներկայացրեց մեր լուրջ ներդրումը միջազգային խաղաղապահության մեջ՝ Կոսովոյից մինչև Մալի: Նախագահը «մոռացավ» միայն հիշատակել իր նախաձեռնությունը՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժեր ստեղծելու վերաբերյալ: Մերոնց թվում է, թե այն, ինչ խոսվում է «երկաթե վարագույրից» այս կողմ, ասենք՝ Դուշանբեում, դրսում չեն իմանում: Դրսում կարելի է միջազգային ստանդարտներից խոսել, իսկ ներսում՝ ծառայել գործին Պուտինի:
Եվ ընդհանրապես, երբ Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու մասին, տխրությամբ նկատեցինք, որ սրա հիմնական նպատակը Հայաստանի և նրա նմանների համար եվրոպական ասոցացման ճանապարհը փակելն էր։ Հընթացս նկատեցինք, որ ԵՏՄ-ում Հայաստանին տրվում է զուտ արարողակարգային դեր. հանդիսանալով Պուտինի շքախմբի մաս՝ նա պետք է թեթև ճոխություն հաղորդեր նրա հանդիպումներին ու ժողովներին։
Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանը դրանով լուծում է անվտանգության լրջագույն խնդիր: Լավ չհասկացանք, բայց գլխով տմբտմբացրինք՝ ենթադրելով, որ երևի թե մի բան գիտի, բայց գաղտնի է, մեզ չի ասում։ Ուրախացանք, երբ Սոչիում Սարգսյանը ընդդիմացավ Պուտինի ու Ալիևի միասնական ցանկությանը՝ Մինսկի խմբին մի կողմ դնելու և Ռուսաստանին հանձնելու Ղարաբաղյան կարգավորումը։ Տխրում էինք, որ ԵՏՄ մտնելուց հետո տնտեսական անկում ենք ապրում, բայց դա համարում էինք ներքին կամ գոնե զուտ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խնդիր։
Ներքուստ դատապարտում էինք, երբ Ղարաբաղում Ղրիմի բռնակցման առիթով համերգներ էին կազմակերպում, բայց շատ չէինք դատապարտում՝ մտածելով, թե տանջված ժողովուրդ է, ուրախության շատ առիթներ չի ունենում, ոչինչ, թող քեֆ անի։
Միաժամանակ հասկանոմ էինք նաև Սերժ Սարգսյանի վիճակը՝ ասելով, թե ուխտադրուժ ռուսները ստեղծել են պրոռուսական Լևոն Տեր-Պետրոսյան-Գագիկ Ծառուկյան ալյանսը, և եթե խեղճ նախագահը ոտքը գծված շրջանից դուրս դնի, ապա ծառուկյանական միտինգները կգրավեն նախագահական պալատը։ Ռուսներն այնժամ լուրջ այլընտրանք ունեին՝ Սերժը սխալ աներ, Գագիկը ճիշտը կաներ։
Ամեն ինչ փոխվեց սեպտեմբերի 7-ի Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո։ Հանդիպման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը շատ սուղ էր, սակայն դրան հետևած գործողություններն այնքան սրընթաց էին, որ մեր իշխանությունները վայրկենապես սպառեցին ենթադրվող, վերագրվող վստահության ողջ պաշարը։
Դեռ Սերժ Սարգսյանը չէր հասել Երևան, երբ պարզվեց, որ ետևից Երևան է գալիս Ղրիմի «ղեկավար», Գոբլին-Սերգեյ Աքսենովը: Դեռ չէինք մարսել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի հարցով քվեարկության թուքումուրը, երբ առանց ակնհայտ պատճառի՝ մեզ գցեցինք նոր ցավի մեջ։
Գրոդնոյում Հովիկ Աբրահամյանը առաջարկեց ԵՏՄ երկրների միջև փոխադարձ հաշվարկները կատարել ռուբլով։ Այն, ինչից սարսափում էինք, այն, որ վախվորած սպասում էինք, թե հանկարծ Ռուսատանը կառաջարկի և ուղիներ էինք ման գալիս, թե ոնց ենք տակից դուրս գալու, հանկարծ առաջարկում է Հայաստանի վարչապետը։ Պարզ է, որ առանց Պուտինի «դաբրոյի» ոչ ոք Հովիկ Աբրահամյանին անգամ ելույթի խոսք չէր տա այդ բարձր հանդիպմանը, և պարզ է, որ այս անգամ Ռուսաստանը այս տհաճ նորությունը արտաբերում է Հովիկ Աբրահամյանի բերանով։
Եվ վերջապես՝ Դուշանբեի աղետը։ Քաղաքագիտական և քաղաքական ողջ հանրույթը հայտարարում էր, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահները նշանակում է Ղարաբաղի անկախության վերջ և խնդրի ադրբեջանանպաստ լուծում, որին լռելյայն համաձայնում են Հայաստանի իշխանությունները, և որին դեմ էր արտահայտվել հենց Սերժ Սարգսյանը մի տարի առաջ Սոչիում։ Այժմ նա ինքն է հրավիրում այդ խաղաղապահներին, այսինքն՝ անում է մի ակնհայտ քայլ, որը, իր կարծիքով էլ, լուրջ սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը. պարզ է, որ այդ խաղաղապահները ռուսներ են լինելու, պարզ է, որ նրանց լուծելու առաջնային խնդիրը Ղարաբաղն է լինելու։
Ի՞նչ է կատարվել սեպտեմբերի 7-ին, ինչո՞ւ դրանից հետո որքան անպարկեշտ առաջարկություն կա՝ Վլադիմիր Պուտինը դնում է հայ պաշտոնյաների բերանը։ Դժվար թե Սերժ Սարգսյանը չգիտակցի, թե ինչպիսի խայտառակություն է Աքսյոնովին Հայաստան բերելը, կամ ինչպիսի աղետալի հետևանքների կհանգեցնեն ռուբլու գոտին կամ ռուս խաղաղապահները։ Ուրեմն նա Վլադիմիր Պուտինից ստացել է շատ լուրջ երաշխիքներ ինչ-ինչ հարցերի վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ հիմա Սերժ Սարգսյանի հիմնական մտահոգությունը իր վերարտադրվելն է սահմանադրական փոփոխությունների միջոցով, պետք է կարծել, որ ռուսական երաշխիքները հենց դրան են վերաբերում։ Միաժամանակ, Պուտինի միանալը «այո» ճակատին հազիվ թե էական բան փոխի քարոզչական դաշտում։ Նշանակում է, որ Վլադիմիր Պուտինը ավելի նյութական ու էական բան է խոստացել։
Հիմա Սերժ Սարգսյանը ունի 3 հիմնական խնդիր՝ տնտեսության աղետալի վիճակ, լրջագույն նոր սպառնալիքներ Ղարաբաղի հարցում և Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հեռանկարը։ Փաստորեն, անցած շաբաթ իր կատարած քայլերով առաջին երկու խնդիրներում Հայաստանի ղեկավարությունը ավելի է խորացնում ճգնաժամը, և ուրեմն դա անում է հանուն ավելի բարձր նպատակի։
Հիշելով Ռոբերտ Քոչարյանի խոստացած հարցազրույցը, որ այդպես էլ չներկայացվեց, նկատելով անմիջականորեն Քոչարյանի բացակայությունը սահմանադրական քննարկումներում, պետք է ենթադրել, որ Վլադիմիր Պուտինը խոստացել է այս փուլում չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանին։











































