Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ռուսաստանի Պետդումայի անդամ Սերգեյ Մարկովն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերին.
«Մոսկվան ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններին, ինչում մեծ կարևորություն ունի այն, որ հենց նա է հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի մերձակա հարևանը: Բացի աշխարհագրական գործոնից, դա ավելի շատ պայմանավորված է պատմական գործոնով. այդ երեք երկրները երկար տարիներ համատեղ ապրել են միացյալ պետության մեջ:
Ռուսաստանը խորապես շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմամբ և ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ նաև նրա համար, որ, ի տարբերություն Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, Ռուսաստանում առկա է թե´ հայկական, թե´ ադրբեջանական հոծ սփյուռք, որոնց շահերը նույնպես արտահայտում են ռուսական իշխանությունները:
Ադրբեջանն ու Հայաստանը վստահում են Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը քաջատեղյակ է կովկասյան մենթալիտետից, ունի բազմադարյա դիվանագիտական փորձ, և նրա մի մասը գտնվում է Հյուսիսային Կովկասում»: