Armlur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ծեծված Սմբատ Հակոբյանը, որը «Ազատամարտիկների դաշինքի» վարչության անդամ է, իրականում անձնական խնդիրների պատճառով է բռնության ենթարկվել: Իրավապահ շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Սմբատ Հակոբյանը մեծ թվով պարտքեր ունի տարբեր մարդկանց ու հենց այդ պատճառով էլ հայտնվել է աղմկալի իրադարձությունների կենտրոնում:
Armlur.am-ի տեղեկություններով, նրան զանգահարել են պարտքը ուզելու համար, Սմբատ Հակոբյանը հայհոյել է զանգահարողին՝ իր խոսքերն ուղղելով վերջինիս մորը: Պարտքատերն էլ կուտակված զայրույթը պարպել է ընկերների հետ Սմբատ Հակոբյանին ծեծի ենթարկելով: Սակայն Հակոբյանն այս մասին իր գործընկեր ազատամարտիկներին ոչինչ չի ասել՝ հայտարարելով, թե իրեն հալածում են քաղաքական գործունեության, քաղաքացիական ակտիվության և վերջապես ազատամարտիկի կոչումը արատավորելու, նսեմացնելու համար: Սակայն իրականում, երբ նրա գործընկերները տեղեկացրել են, թե ինչն է եղել խնդիրը, այսօր արդեն լռում են և դատապարտող հայտարարություններ չեն անում:
Իհարկե, ծեծը երբևէ չի կարելի խրախուսել կամ համարել հարցերը լուծելու տարբերակ, բայց փաստ է, որ ամեն ծեծ չէ, որ պետք է դարձնել քաղաքական հալածանք ու հերոսանալու առիթ: Ի վերջո ազատամարտիկը, լրագրողը, թե մտավորականը պետք է իր կոչմանը հավատարիմ մնա, այլ ոչ թե որտեղ անհրաժեշտ է հանդես գա ազատամարտիկի կոչմամբ, իսկ որտեղ ինքն է ցանկանում՝ խուլիգանի վարքագիծ դրսևորի:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































