Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ֆիլադելֆիա (Փենսիլվանիա նահանգ) կատարելիք այցի ժամանակ այդ քաղաքի բնակիչներից կստանա մի շարք նվերներ, այդ թվում՝ ոսկեզօծ ճենապակե սկահակ և հատուկ Հռոմի պապի համար պատրաստված հեծանիվ։
Նվերները Ընտանիքների համաշխարհային հանդիպման բացման արարողության ժամանակ ներկայացրել է Ֆիլադելֆիայի քաղաքապետ Մայքլ Նատերը։ Հռոմի պապը դրան կմասնակցի կիրակի։ Մայքլ Նատերը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ում դեռ երկար տարիներ կհիշեն Հռոմի պապի այցը։
Հռոմի պապն ԱՄՆ է ժամանել երեկ։ Նա Ֆիլադելֆիա կայցելի շաբաթ առավոտյան, որտեղ և պատարագ կմատուցի Ընտանիքների համաշխարհային հանդիպման մասնակիցների համար։ Հանդիպման կազմակերպիչներն ակնկալում են, որ այդ կապակցությամբ կհավաքվի մոտ 1 միլիոն մարդ։











































